Առաջին անգամ նա մահվան էր դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին։ Անգլիան, Ֆրանսիան, դաշնակից մյուս պետությունները պաշտոնապես հայտարարել էին, որ հայկական նախճիրներ հրահրելու համար պատերազմի ավարտից հետո անհապաղ պատասխանատվության պիտի ենթարկեն, մահապատժի դատապարտեն։

Պատժից խույս էր տվել։

Երկրորդ անգամ՝ 1920 թվականի հունվարի 13-ին, նրան մահվան էր դատապարտել Թուրքիայի գերագույն զինվորական ատյանը։

Պատժից խույս էր տվել, կեղծ անձնագրով հաստատվել էր Բեռլինում։ Միջոցներ էր մտմտում կուսակիցներին համախմբելու, իշխանությանը վերատիրանալու, Թուրանական անծայրածիր երկրի երազը իրականացնելու համար։

Երրորդ անգամ նրան մահապատժի էր դատապարտել հայ վրիժառուների Պատասխանատու մարմինը, որի կազմած «Սեւ ցանկ»-ում առաջինն էր։

ՄԵՀՄԵԴ ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ – Թուրքական «Իթթիհադ վե թերաքքը» («Միություն եւ առաջադիմություն») կուսակցության պարագլուխներից։ Ընդհատակյա պայքարի տարիներին կյանքը փրկել էին հայերը։ Իշխանությունը նվաճելուց հետո եղել էր կուսակցության կենտկոմի նախագահ, ներքին գործերի նախարար, Մեծ վեզիր։ Արեւմտահայության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր։ Նա էր ծածկագիր ուղարկել բոլոր նահանգապետներին, որ օրորոցի մանուկից ընդհուպ զառամյալ ծերունին՝ ոչ ոքի չխնայեն, ու շատ չանցած, լպիրշորեն հայտարարել էր. «Հայկական հարցը լուծելու համար ես 3 ամսում ավելին արեցի, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում»։

♦♦♦

Գյուղը, որ պահպանում էր հին հեթանոսական Բագառիճ անունը, հիշատակել էին դեռեւս Խորենացին ու Ագաթանգեղոսը։ Այնքան ուշիմ էր, լրջմիտ, որ Կեդրոնական վարժարանն ավարտելուց հետո նախակրթարանի ուսուցիչ նշանակեցին։ Հենց 17-ը լրացավ, ուղեւորվեց Սերբիա, որ հորից միջոցներ խնդրի, հաջորդ տարի Գերմանիայում ուսումը շարունակի։ Վրա հասավ Մեծ եղեռնի բոթը։ Բագառիճ գյուղում, ամբողջ Երզնկայում իրենց գերդաստանը 85 հոգի էր հաշվվում, որոնք. հիմնականում, քանի որ տղամարդիկ պանդխտում էին, կանայք, երեխաներ էին։

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ – Ժողովրդական վրիժառու, ում մասին գերմանացի դատապաշտպան, Քիլի համալսարանի իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նիմայերը պիտի ասեր. «1921-ի մարտի 15-ին ինքը չէր, որ փողոց նետվեց սպանելու Թալեաթին։ Իր հետ ոտքի ելան դարերը, միլիոնավոր նահատակները։ Նա, եթե կարելի է այդպես արտահայտվել, առաջնորդում էր նրանց ու ծածանում համայն հայության արժանապատվության դրոշը»։

Ժողովրդական վրիժառու, որի կենդանության օրոք հայրենակիցները հաղթերգ պիտի ձոնեին.

«Թալեաթ փաշան փախավ Բեռլին,

Թեհլերյանը հասավ ետին,

Զարկավ ճակտին, փռեց գետին,

Գինի լից, գինի լից, խմողաց անուշ»։

Աշխարհամարտն սկսվելուն պես Սողոմոնը թողեց Սերբիան, անցավ Բուլղարիա, որ միանա նոր կազմավորվող հայկական կամավորական խմբին։ Քանի որ առանց հոր համաձայնության էր Սոֆիա եկել, 18-ն էլ չէր բոլորել, չընդունեցին։ Հասավ Ռումինիա, Ռումինիայից Ռոստով, Թիֆլիս, զինվորագրվեց Անդրանիկի գնդին։ Կռվում էր Սեպուհի վաշտում։ Առաջին ճակատամարտը Արաուլի բարձունքում հաղթանակով ավարտեցին, հետապնդելով թշնամուն, ազատագրեցին Հարիսան, Բաշկալան։ Երկու գյուղերում էլ ոչ մի հայ չէր մնացել։ Նախքան նահանջելը հակառակորդները բոլորին սրատել, կողք կողքի շարել էին կամավորականների ճանապարհին։ Վերջապես հասան Երզնկա։ Հայրական տունը թափուր էր, ավեր…

«Հանկարծ ինձ թվաց, թե լսում եմ աղիողորմ ճիչեր, սարսափի ու ցավի աղաղակներ, խեղդված աղերսներ, խելագարության ու հոգեվարքի գոչյուններ, արյան տաք հոտ եմ զգում։ Մղձավանջով համակված շրջվեցի, որ փախչեմ, ոչինչ չտեսնեմ ու չլսեմ, գլուխս պտտվեց, ընկա։ Երազիս մորս տեսա»։

Դրանից հետո ջղագարության նոպաները հաճախ կկրկնվեն։ Ու միշտ երազում կտեսնի մորը…

Սարիղամիշի մատույցներում, Կարաքուրտի կիրճում վիրավորվեց աջ թեւից։ Տեղափոխեցին Թիֆլիս, Տուապսե, Էսենտուկի։ Իմանալով, որ Մուդրոսում զինադադար է կնքվել, թուրքերը պարտվել են, գնացքով հասավ Նովոռոսիյսկ, Օդեսա, նավով՝ Պոլիս։

- Ինչո՞ւ ես եկել, ո՞ւմ ես փնտրում,- զարմանում էին ծանոթներն ու անգամ անծանոթները։

- Թալեաթին,- պատասխանում էր նա։

Ծանոթները, անծանոթները կասկածով դեմքին նայում, ոչինչ չէին ասում։

Օրիորդ Երանուհի Դանիելյանի հետ նստած է հայկական պանդոկում, երկու գարեջուր է պատվիրում։ Դիմացի առանձնատան պատուհանները ողողված են լույսերով։ Երանուհին հետ է հրում բաժակը.

- Դավաճան, դեռ սիրտ ունի, զվարճանում է։

- Ո՞ւմ մասին ես խոսում,- չի հասկանում Սողոմոնը։

- Թալեաթի հայ գործակալի՝ մատնիչ Հարություն Մկրտչյանի։ Նա՛ կազմեց 250 հայ մտավորականների ցանկն ու Թալեաթին հանձնեց։ Տասը հոգի հազիվ հետ եկավ, մյուսների՝ Կոմիտասի, Վարուժանի, Սիամանթոյի ճակատագիրը գիտես։

Սողոմոնը մի ումպով դատարկում է գավաթը.

- Երանուհի՛, վե՛ր կաց, տուն գնա։

- Ինչո՞ւ։

- Գնա՛, ասում եմ։

Պանդոկ է մտնում մի տղա, միանգամից հինգ շիշ ընտիր «Մարտել» գնում։

- Ո՞վ էր,- հարցնում է Սողոմոնը։

- Շուն մատնիչի թուլան էր,- փնթփնթում է պանդոկապանը,- երեւի նորից հյուրեր է հրավիրել, երեկոներն այսպես խրախճանքներով է անցկացնում։

Մինչ Սողոմոնը վճարում, նետվում է տղայի ետեւից, առանձնատան դարպասը փակվում է։ Ցանկապատի վրայից ցատկում, ուսով փշրում է ապակիները, հայտնվում մատնիչի դիմաց, որը բյուրեղապակե սկահակը ձեռքին' բաժակաճառ է ասում։ «Փամփուշտս ափսոս է, ես քեզ ձեռքերով կխեղդեի»,- մոլեգնում է ներքին ձայնը…

Շարունոկությունն՝hayzinvor.am