Գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից է «Սինոփսիս Արմենիա»-ն , որը հաջողությամբ է իրագործում մեծ արդյունավետություն ապահովող «արտադրություն-բուհ» կրթական մոդելը: Վերջինս իր գործունեությունը սկսել է 2004թ.-ին և հանդիսանում է «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումներից մեկը: «Սինոփսիս Արմենիան» մասնագիտանում է գիտահետազոտական և ճարտարագիտական մշակումներով՝ մասնավորապես էլեկտրոնային ծրագրերի ավտոմատացման, արտադրության նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:
Օրերս «Սինոփսիս Արմենիա» ընկերություն էր այցելել ՀՀ վարչապետը, որի ժամանակ էլ տեղեկացրել էր, որ քննարկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ազգային ծրագիր ունենալու հարցը:Վերջինիս ստեղծումը, թույլ կտա նոր մակարդակից սկսել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը: Անշուշտ, Հայաստանը մեր տարածաշրջանում այն երկիրն է, որը կարող է այս ոլորտի հետ կապված մեծ հաջողություններ ունենալ: Դժվար է ասել, թե այստեղ ամեն ինչ անթերի է, սակայն զարգացումը ակնհայտ է: Նախորդ տարում, չնայած տնտեսության համար դժվարին տարի էր, սակայն այս ոլորտը աչքի ընկավ աշխուժությամբ՝ տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ և միջոցառումներ: Ամեն դեպքում ճիշտ է այն մոտեցումը, որ մեր երկրի տնտեսական զարգացմանը խթանող ուժերից մեկը պետք է դիտարկել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Ճիշտ է' արտաքին շուկայում հայկական ՏՏ ոլորտի ապրանքների մրցունակությունն ապահովելը շատ բարդ խնդիր է, որի համար պետք է դրսում լայնորեն ներկայացվի ՏՏ ոլորտի ներուժը և հնարավորությունները, սակայն, պետության աջակցությունը հատկապես կարևորվում է նաև երկրի բոլոր ոլորտներում (հատկապես պաշտպանության ոլորտում) ՏՏ ոլորտի մշակումների մասայաբար ներդրման ծրագրերի իրագործման համար:
Մարինա Ներսեսյան