Գաղտնիք չէ, որ արտահանման ծավալների մեծացումը իր հետ բերում է ֆինանսական ռեսուրսների ներհոսք, ինչն էլ շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Հունվարի 4-ին ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը:
Վերը նշված խորհրդակցության ժամանակ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և գործիքակազմ՝ արտահանման տեմպերն ավելացնելու, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ քննարկումների արդյունքում գործադիրի ղեկավարը հավանություն է տվել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությանը: Վերջինս պետք է զբաղվի և´ երկարաժամկետ խնդիրներով, և´ համապատասխան ծրագրերի հիման վրա սեղմ ժամկետում օպերատիվ աջակցություն կցուցաբերի արտահանող ընկերություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է գնալ նման քայլերի՝ տնտեսություն առաջ մղելու համար և, որ միասնական ջանքերի շնորհիվ կարձանագրվեն հաջողություններ:
Արմեն Վարդանյան