Գործարար միջավայրի բարելավմանը միտված կառավարության ձեռնարկումները կարելի է բնութագրել հետևյալ ձևակերպմամբ. «Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից»: Դրան ուղղված կառավարության որոշումները բազմաթիվ են: Աշխատում է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդը, որի առաջարկով տասնյակ ու տասնյակ որոշումների նախագծեր է ներկայացրել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» (ՕԿԱԿ) պետական հիմնարկը' առաջարկելով գործադրել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու «կարգավորիչ գիլյոտինը»:

 


Օգոստոս ամսին ՕԿԱԿ- ի տնօրենը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառավարության նիստում զեկուցել է, թե վերջին 1,5 տարում ինչ արդյունք է գրանցվել «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հազար 283 իրավական ակտ, որից 8- ը ուժը կորցրած է ճանաչվել, 112- ը փոփոխվել- հստակեցվել է: Բիզնես գործընթացների 4 հազար 648 օր տևողությունից կրճատվել է 1 հազար 972- ը, պահանջվող 619 փաստաթղթից կրճատվել է 235- ը: Կենտրոնի գործունեության շնորհիվ ավելի քան 40 մլրդ դրամի բիզնես գործընթացների ընդհանուր արժեքը կիսով չափ կրճատվել է:

 


ՕԿԱԿ- ի մշակած ևս 75 իրավական ակտ պատրաստ էր ներկայացվելու կառավարություն: Քննարկվելիք հարցերի այս «կուտակման» պատճառով գրեթե չկա կառավարության որևէ նիստ, որտեղ որոշում չընդունվի տվյալ խնդիրների վերաբերյալ: Դեկտեմբերի 24- ին քննության է առնվել ՕԿԱԿ- ի ներկայացրած վեց հարց, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրության կատարելագործմանը:
Վերը նշված խնդիրների համատեքստում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Ս.թ. մարտի 5- ի նիստում հաստատվել է «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը, որի ուղղությունների շուրջ 90 տոկոսը միտված էր ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:

 


Նույն ամսին' մարտի 19- ի իր նիստում, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Այդ նույն ժամանակ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցրեց 45- րդ տեղը:

 


ՓՄՁ գործունեությանը նվիրված կառավարության հիմնարար որոշումներից մեկը ոլորտի զարգացման 2016- 2018թթ. ռազմավարությունն է, որին գործադիրը հավանություն տվեց ս.թ. հոկտեմբերի 10- ի նիստում: Ըստ փաստաթղթի, եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա:
Այսպիսով, առաջիկա երեք տարում ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ սուբյեկտների գործունեության ապահովումն է:

 

 

Տիգրանուհի Դավթյան