60 տարի առաջ՝ 1955 թվականի դեկտեմբերի 21-ին, ԱՆՄԱՀԱՑԱՎ ականավոր պետական, ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձավ Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ' 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։
Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության' ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։

 


Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև' մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին' եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։

 


Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։

 

Գրիգորյան Ժորա