Անկասկած «Նախախորհրդարանը» մեծ աշխատանք է տարել «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգ» նախագծի ստեղծման համար:
Սակայն, ակնհայտ է, որ ժողովրդավարական պետությունում ոչ մի ծրագիր իր մեջ չի կարող ներառել գոյություն ունեցող քաղաքական հայացքների ամբողջական տարրապատկերը և արտահայտել հանրությունը կազմող բոլոր սոցիալական խմբերի շահերը:
Այդ պատճառով «Նախախորհրդարանի» սահմանափակիչ պահանջը «Հիմնադիր Խորհրդարանի» թեկնածուների համար՝ ընդունել իրենց կողմից մշակված Հայեցակարգի հիմնադրույթները, բացառում է այդ ընտրություններին հանրային լայն մասնակցությունը:
Անձամբ ես համարում եմ ոչ ճիշտ այդ Հայեցակարգում առաջ քաշված հողի ազգայնացման վերաբերյալ հանրաքվեի գահափարը: Ինչպես նաև խոշոր հողատերերի լիկվիդացիայի և կոլտնտեսությունների վերականգնման քաղաքականությունը: Այդօրինակ բարեփոխումների միջով մեր երկիրն անցել է անցյալ դարի 20-ական թվականներին, և դրանց արդյունքը հայտնի է բոլորին:
Ես ցավում եմ, որ երկու տարի առաջ իմ կողմից Ժիրայր Սեֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին առաջարկված Սահմանադիր ժողով գումարելու գաղափարը այնպիսի իրացում է ստացել, որը բացառում է հանրության լայն շերտերի ներգրավումը նոր սահմանադրության նախագծի մշակմանը:
Որպեսզի Սահմանադիր ժողովը իսկապես քրեական օլիգարխիայից մեր ժողովրդն ազատագրելու գործիք դառնա՝ այն պետք է ընտրվի իսկապես ժողովրդավարական սկզբունքների և ստանդարտների համաձայն: Միայն ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչները կարող են հանրությանը այնպիսի սահմանադրություն առաջարկել, որը կդառնա արդար կարգի և երկարատև զարգացման հիմք:

 

Անդրիաս Ղուկասյան