Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:
Նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային և մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող՝ գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներից և այլ երկրներից ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերի տարանջատման անհրաժեշտությամբ:

 


Ներկայումս «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են Հայաստան ներմուծվող, իրացվող, ինչպես նաև Հայաստանում արտադրվող և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերը: Ինչպես նաև, այդ ապրանքների համար «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքով սահմանված են բնապահպանական վճարի դրույքաչափերը, մասնավորապես, ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս' ՀՀ կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ, ՀՀ ներմուծված և իրացվող, ինչպես նաև ՀՀ-ում արտադրված և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար հաշվարկված բնապահպանական վճարի գումարից պակասեցվում են իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարի գումարները:

 


Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, հարկ է առաջացել փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերը կանոնակարգելու համար:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող' շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկել այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե վճարել ներմուծելիս' ՀՀ կառավարության սահմանած կարգով, վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:
Իսկ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող' շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկի ներմուծողը՝ այդ ապրանքների համար սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի հիման վրա, արտացոլելով այն ներմուծման հարկային հայտարարագրում, որոնք պետական բյուջե պետք է վճարվեն մինչև այդ ապրանքները ներմուծելու օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

 


Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերը, ինչն էլ ավելի կանխատեսելի և կանոնակարգված պայմաններ կստեղծի տնտեսվարողների համար և կհամապատասխանի ԵԱՏՄ միասնական գաղափարախոսությանը:

 

Մարինա Ներսեսյան