Ռուս-թուրքական ներկա «հակամարտությունը» որոշակի առումով հիշեցնում է դեռևս 2010թ. մայիսից առավել սրացած թուրք-իսրայելական առճակատումը՝ պայմանավորված «ՑԱՀԱԼ-ի» (Իսրայելի պաշտպանության բանակ) կողմից պաղեստինցիների համար իբր մարդասիրական օգնություն փոխադրող «Ազատության նավատորմի» մաս կազմող թուրքական Mavi Marmara նավի գրավման գործողության ընթացքում Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան միջադեպով և դրան հաջորդած զարգացումներով:
Ինչ խոսք, լարվածության սկզբնական շրջանում կողմերի պաշտոնական հռետորաբանությունը, տարբեր ոլորտներում փոխադարձ հակաքայլերը, քարոզչական պատերազմը գրեթե նույն բնույթի էին, ինչ ներկայում Թուրքիայի և Ռուսաստանի պարագայում է: Մինչդեռ ժամանակի ընթացքում, թեպետ քաղաքական հարաբերությունները մինչ այժմ չեն կարգավորվել (անգամ 2014թ. մարտին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ տեղի ունեցած Նեթանյահու-Էրդողան հեռախոսազրույցից հետո, երբ Իսրայելի վարչապետը միջադեպի առնչությամբ հրապարակավ ներողություն խնդրեց Թուրքիայի վարչապետից),այնուամենայնիվ, տնտեսական, ռազմավարական հարաբերությունները վաղուց վերականգնվել և այսօր արդեն շարունակվում են նույն հունով, ինչ նախկինում:
Մերձավորարևելյան և առհասարակ աշխարհաքաղաքական ներկա իրողությունները, կարծես, հուշում են, որ մոտավորապես շատ նման զարգացում էլ ստանալու է ռուս-թուրքական ներկա լարվածությունը...
Արմեն Պետրոսյան