Հայ-իրանական հարաբերությունները սկսել են թափ հավաքել, ինչը պայմանվորված է ոչ միայն Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև երկու կողմերի՝ կապերը խորացնելու ցանկությամբ:Իրանը հաշվի է առնում, որ Իրան-վեցնյակ համաձայնության կայացման ֆոնին ստեղծվել է տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման լայն դաշտ:

 

Իրանը և Հայաստանը հատկապես կարևորում են փոխադարձ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման տեմպերը: Այս տեսանկյունից լուրջ արդյունքներ է խոստանում տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժղովը, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ու ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Է. Ջահանգիրին: Համաժողովի ընթացքում, որին մասնակցել են 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից, երկու կողմերը ներկայացրել են հարաբերությունների զարգացման հեռանկարին առնչվող հարցեր:

 

Հարկ է նշել, որ Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվել իրանական բազմամիլիոնանոց շուկայի ընձեռած հնարավորություններից, իսկ իրանական կողմն էլ կարող է օգտագործել Հայաստանը որպես անհրաժեշտ հարթակ ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկա դուրս գալու համար: Բացի այդ, Իրանը կարող է ներդրումներ իրականացնել Հայաստանում և համատեղ ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով այն հանգամանքը, որ Հայաստանի համար գործում է մի շարք երկրների կողմից սահմանված արտոնյալ առևտրային ռեժիմ:

 

Իրանի և Հայաստանի համագործակցության մեկ այլ հարթակ կարող են դառնալ նաև Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Հայաստանում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ, որոնցից մեկն ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման, մյուսը' ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ուղղվածություն:
Ամփոփելով նշենք, որ հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը տնտեսության ոլորտում, Հայաստանի և Իրանի երկրների համագործակցության խորացման առումով, լուրջ տեղաշարժ է խոստանում: