Անցած 5-6 տարվա ընթացքում մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան մի շարք երկրներում տեղի ունեցած քաղաքական վերափոխումները, որոնք որոշ երկրների պարագայում ընթանում են ներքին զինված դիմակայության, հակաահաբեկչական պայքարի տեսքով՝ նաև տարածաշրջանային և համաշխարհային մի շարք կարևոր դերակատարների ակտիվ ներգրավմամբ, էականորեն ազդել են ինչպես այդ երկրներում գործած արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական համակարգերի բովանդակության վրա, այլև զգալիորեն վնասել են բոլոր տեսակի ենթակառուցվածքները: Վերոգրյալի համատեքստում պետք է նշել, որ ներքին ճգնաժամ կամ որոշակի բարդություններ ապրող տարածաշրջանային մի շարք արաբական երկրներում իրավիճակն աստիճանաբար տեղափոխվում է կարգավորման շրջափուլ՝ նաև հնարավորություններ ստեղծելով մարդասիրական իրադրության աստիճանական բարելավման, ինչպես նաև վնասված կամ ոչնչացված ենթակառուցվածքները վերականգնելու հարցերում: Այսուհանդերձ, կասկածից վեր է, որ հետճգնաժամյա ժամանակահատվածում վերականգնման ընթացքը վեր է ցանկացած երկրի ինքնուրույն հնարավորություններից՝ արտաքին աջակցության և տարաբնույթ ներդրումների լայն միջավայր ստեղծելով արտաքին խաղացողների համար: Կասկածից վեր է նաև, որ հեղափոխական փորձությունների ճանապարհը հաղթահարող երկրների և ժողովուրդների զգացական ընկալման համար կողմնորոշիչ էին ապրած ճակատագրական տարիները, որոնք նաև որոշակի փորձաշրջան էին՝ սեփական բարեկամներին և թշնամիներին լավագույնս ճանաչելու համար: Ուստի ակնհայտ է նաև, որ ինչպես հետճգնաժամյա ժամանակահատվածում, այնպես էլ ապագայում արտաքին տարաբնույթ հարաբերությունների համակարգի կառուցման առաջնային ուղղություները ներառելու են հատկապես բարեկամական կամ հիմնախնդիրների հարցում առնվազն հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերած երկրների շրջանակը:
Վերոնշյալի տեսանկյունից դիտարկելով մերձավորարևելյան ճգնաժամերում ՀՀ դրսևորած առնվազն հավասարակշռված դիրքորոշումը, պահպանված հարաբերությունները ներքաղաքական ճգնաժամերում հիմնականում հաջողած դերակատարների հետ՝ կարելի է հավաստել, որ Երևանի համար գործունեության լայն դաշտ է բացվում ինչպես պետական, այնպես էլ բիզնես շրջանակների գործունեության համար՝ ապահովելով անհրաժեշտ դրական միջավայր սեփական քաղաքական և տնտեսական օրակարգը ձևավորելու առումով. հետևաբար, այս տեսանկյունից Երևանը պետք է գործի հենց այս պահից, առանց օր անգամ հետաձգելու:
Այս առումով բավական ողջունելի է հոկտեմբերի վերջին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակության այցը Սիրիա և Լիբանան (այստեղ և այստեղ), այստեղ անցկացրած բարձր մակարդակի հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները. չափազանց կարևոր է, որ հայկական կողմը հետևողական և սկզբունքային մոտեցում ցուցաբերի դրանց առարկայացման տեսանկյունից, քանի որ առկա են բոլոր նախադրյալները դրանց կենսագործման համար: Դիցուք՝ սիրիական հակամարտության ողջ ընթացքում ՀՀ դրսևորել է հավասարակշռված դիրքորոշում, դիվանագիտական կառույցները գործել են հավուր պատշաճի՝ արտոնված իրավունքների սահմաններում, իսկ սիրիահայերը ցուցաբերել են պետականամետ կեցվածք: Երևանն այն եզակի արտաքին դերակատարներից է եղել, որը պահպանել է քաղաքական, դիվանագիտական հարաբերություններ պաշտոնական Դամասկոսի հետ, կազմակերպել պաշտոնական այցեր, ցուցաբերել մարդասիրական աջակցություն՝ ապացուցելով բարեկամական երկիր և ժողովուրդ լինելու իրողությունը բարեկամական Սիրիայի Արաբական Հանրապետության համար:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ հավասարակշռված կեցվածքը նույն կերպ է դրսևորվել նաև հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան այլ հիմնախնդիրներում՝ լիբիական, եգիպտական, իրաքյան, եմենյան հակամարտությունների պարագայում, ինչը ևս ապահովել և ապահովում է դրական միջավայր հետճգնաժամյա շրջափուլում այդ երկրների հետ համակողմանի հարաբերություններ զարգացնելու առումով: Հետևաբար, անհրաժեշտ է իրավիճակին հետևել ակնդետորեն և գործել առանց ավելորդ ժամանակ կորցնելու: