Բավականին հետաքրքիր երևույթ է լրատվական հոսքերին հետևելու պրոցեսը միջազգային լրատվադաշտում: Հատկապես հատկանշական է այն իրողությունը, որ այսօրվա թիվ մեկ արդիական հիմնախնդիրը վաղը կարող է ավելի խորանալ, ավելի լայն ընդգրկում ստանալ, բայց իր վարկանիշով զիջել մեկ այլ գլոբալ թեմայի, հաճախ՝ ոչ նույնքան հրատապ: Վերոգրյալը շատ ավելի ըմբռնելի կլինի, եթե այն պրոյեկտենք համաշխարհային լրատվադաշտում տեղ գտած տեղաշարժերի վրա առնվազն անցյալ երկու ամիսների կտրվածքով:

 


Այսպիսով, եթե ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին միջազգային լրատվամիջոցներում քննարկվող թիվ մեկ թեման Եվրոպային պատուհասած փախստականների խնդիրն էր, ապա հոկտեմբերին այս թեման էականորեն զիջեց իր դիրքերը սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ներգրավվածությանը և դրան սերտորեն առնչվող ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությանը Մերձավոր Արևելքում, հիմնախնդրի շրջանակներում տեղի գտած այլ զարգացումներին, Բաշար ալ-Ասադի ճակատագրին և այլն:
Մինչդեռ նույն փախստականների հիմնախնդիրն անցած՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրել է ընթացիկ տարվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշներ:

 


Այսպես, ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության կողմից իրականացված հաշվարկների համաձայն՝ հոկտեմբերին Մերձավոր Արևելքից զարտուղի ճանապարհով Եվրոպա է տեղափոխվել 218.394 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից Հին Աշխարհամաս հասած ապօրինի ներգաղթյալների թիվը կազմել է շուրջ 725 հազար, 3329 մարդ էլ մահացել է ճանապարհին:

 


Նշվածի համատեքստում եզակացությունը մեկն է, մերօրյա աշխարհում անընդհատ և լայն թափով ավելանում են տարաբնույթ հիմնախնդիրներն, իսկ մարդկությունը չի հասցնում լուծում գտնել, հաճախ՝ անգամ դիմագրավել եղած խնդիրներին...

 

 

 

Արմեն Պետրոսյան