Տարատեսակ կարծիքներ ու վկայություններ կան այն մասին, թե որն է եղել Հայաստան բերված առաջին մեքենան, երբ է բերվել կամ ում կողմից: Ու քանի դեռ այդ բանավեճը շարունակվում է, ներկայացնեմ մի պատմություն, թե ինչ ճակատագրի արժանացավ ավտոմեքենաներից առաջինը:
Ասում են, որ այդ մեքենան Ֆրանսիայից բերվել է էջմիածինցի մի խումբ հարուստ բամբակագործների նախաձեռնությամբ: Նպատակն էր դա աշխատացնել Երևան-Էջմիածին ճանապարհի վրա: Միայն թե տեղ հասնելուն պես պարզվել է, որ ճանապարհի կամուրջները թույլ են ու չեն դիմանում մեքենայի ծանրությանը: Շուրջ մեկ տարի էլ պահանջվել է, մինչև խճուղու բոլոր կամուրջները փոխվել ու ամրացվել են: Միայն դրանից հետո ավտոմեքենան սկսել է երթևեկել: Բայց դա էլ երկար չի տևել: Բամբակագործները հաշվարկել են, որ առավել ձեռնտու կլինի, եթե մեքենայի շարժիչը հանեն և օգտագործեն բամբակ զտելու համար: Իսկ բեռները կարելի էր նաև տեղափոխել հին եղանակով՝ սայլերով...
Հովիկ Չարխչյան