Պատմական հիշողության կորսված վկան... Նկարում' 1918-1920 թթ. Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի շենքն է (մինչ այդ այս շենքում տեղակայված է եղել Ա.Բունիաթյանի թատրոնը): Խորհրդային տարիներին այն հիմքից քանդվեց եւ տեղում վերաշինվեց մեկ այլ կառույց' ներկայիս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը' Երեւան, Վ.Սարգսյանի 7 հասցեում:
Ուշագրավ է, որ նախկինում այստեղ գտնվող հենց այդ շենքի դահլիճում է 1919 թ. մայիսի 28-ին նորանկախ հանրապետության խորհրդարանի կողմից ընդունվել Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագիրը' ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի ամենաբաղձալի գաղափարի իրականացման ծրագիրը' հայկական նորաստեղծ պետականության մեջ պատմական հողերի միավորումը (այդ գաղափարը նախօրոք ձեւակերպվել եւ հաստատվել էր 1919-ի փետրվարին' Արեւմահայերի 2-րդ համագումարում):
«Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն...», - Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագրից, 1919 թ., մայիսի 28, քաղաք Երևան:
Ռուբեն Շուխյան