Վերջին շրջանում ՀՀ ներքին սպառման ոլորտում ականտես ենք լինում շատ կարևոր զարգացումների, այն է ՝ ներմուծվող ապրանքների մի մեծ հատվածի փոխարինմանը տեղականով: Վերջինիս մասին օրերս խոսել է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։ Նրա խոսքով ներմուծման կտրուկ կրճատման պայմաններում Հայաստանում ներքին սպառումը չնչին նվազում է արձանագրել։

 


Եվրոբանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մ.Դևիսը հայտարարել է.
-Ինձ հետաքրքիր է, որ ներմուծումը նվազել է 27 տոկոսով, սակայն իրական արտահայտությամբ մասնավոր սպառումն իջել է միայն 1,8 տոկոսով։
Ճիշտ է' տրանսֆերտները զգալիորեն կրճատվել են, այնուհանդերձ Մ.Դևիսի կարծիքով, սպառողները շարունակել են ծախսել։ Մասնավորապես «ավելացել են ծախսերը ներքին արտադրության ապրանքների վրա, ի տարբերություն ներկրվողների»։
Ինչպես երևում է, ներքին սպառումը ընթացիկ տարում հիմնականում պահպանել է նախորդ տարվա մակարդակը կամ փոքր անկում է գրանցել։ Բայց դա տեղի է ունեցել արտաքին շուկաներից ներկրվող ապրանքների էական կրճատման պայմաններում։ Մի բան, ինչը նշանակում է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվել են տեղական արտադրությամբ։

 


Ըստ էության նախապատվությունը տրվել է հայրենական արտադրությանը։
Կարելի է փաստել, որ սա լուրջ ձեռքբերում է ոչ միայն ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավման, այլև ընդհանրապես տնտեսության համար։ Ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելը կարող է մեծապես նպաստել հայրենական արտադրության ընդլայնմանը։ Մի բան, ինչը տարիներ շարունակ եղել է Հայաստանի տնտեսության առաջնային խնդիրներից մեկը. թեև այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն իրականացվել։
Հարկ է նշել, որ ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու գործում կարող էր իր ուղղակի ազդեցությունը ունենալ Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական տարածքին։ Ինչպես հայտնի է, այն կոչված է խիստ մաքսային ռեժիմների կիրառմամբ պաշտպանել ներքին արտադրությունը։

 


Տնտեսական անկյուն