Հայկական բանակի առաջին բյուջետային նախահաշիվը... Միանշանակ պարզ է, որ ներկայումս վտանգված է ողջ տարածաշրջանը և պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում: Կարծում եմ, եկել է այն պահը, որ հույսներս դնենք բացառապես միայն մեր վրա՝ կարևորելով ազգային բանակի մարտունակությունը: Հիշենք, որ 20-րդ դարասկզբին հայկական զինուժը կազմավորվեց զրոյից, բայց հենց դա էլ եղավ ի վերջո մեր գոյատևման երաշխիքը. ֆիդայական շարժումից, կամավորական ու ինքնապաշտպանական ջոկատներից՝ մինչև 1918-ի. առաջին հայկական կանոնավոր զորամիավորումները:

 


Ներկայացնեմ մի հետաքրքիր արխիվային փաստաթուղթ. սա հայկական նորաստեղծ բանակի համար նախատեսվող ծախսերի ամենաառաջին բյուջետայի նախահաշիվն է՝ կազմված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հաստատված 1919 թ. հունվարի 10-ին կայացած խորհրդարանի 59-րդ նիստում.

 


---
«Օրակարգի հարցերն են. ...2. Զինվորական մինիստրության նախահաշիվը: Պատգամավոր Բաբալյանը կզեկուցի զինվորական մինիստրության նախահաշվի մասին: Բաբալյան - 1919 թվի համար զինվորական կոմիսիան ներկայացնում է հետևյալ նախահաշիվը.
Մատակարարման բավարարման համար - 24,953,378 ռ.
Հրետանու - 456,000 ռ.
Ճարտարապետական - 32,520 ռ.
Տեխնիկական ծախսերի - 241,020 ռ.
Բժշկաառողջապահական ծախսերի բավարարման համար - 177,700 ռ.
Բնակարանային բավարարման համար - 2,311,302 ռ.
Հատուկ ծախսեր - 240,000 ռ.
Լոռու շրջանի ռազմաքաղաքական վարչության համար - 23,600 ռ.
Ընդամենը - 28,435,520 ռ.»:
(ՀՀ Պառլամենտի նիստերի արձանագրություններ. Երևան, Հայաստանի ազգային արխիվ, 2010, էջ 143):

Ռուբեն Շուխյան