ՀՀ կառավարությունն իր ս.թ. հոկտեմբերի 1- ի նիստում հավանություն տվեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016- 2018թ.թ. ռազմավարությանը»: Սա մի հիմնարար ու համապարփակ փաստաթուղթ է, որտեղ, թվում է, ՓՄՁ զարգացմանը վերաբերող ոչ մի հարց չի վրիպել հեղինակի' ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ուշադրությունից: Հակիրճ նախաբանին հաջորդում են ոլորտում իրականացվող քաղաքականության բնութագիրը, նկարագրությունը, օրենսդրական կարգավորումը, ՓՄՁ զարգացման ռազմավարական նպատակները և գործողությունների հիմնական ուղղությունները և բազմաթիվ այլ տեղեկություններ:

 


«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունը հանդիսացող ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված 2016- 2018թ.թ. ընթացքում ՓՄՁ- ների ուղղակի աջակցության հիմնական քաղաքականության նպատակը դինամիկ և զարգացող ՓՄՁ ոլորտն է, որտեղ տնտեսվարողը կարող է իրավական դաշտում սկսել և զարգացնել իր գործունեությունը օրենսդրական և վարչարարական նվազագույն խոչընդոտներով: Այսպիսով, որպես ՓՄՁ զարգացման նշված տարիների ռազմավարական առաքելություն կարելի է սահմանել գործարար միջավայրի և ձեռնարկատիրական մշակույթի բարելավումը, իսկ որպես ռազմավարական հիմնական նպատակ' շեշտադրել Հայաստանում միցունակ ՓՄՁ ոլորտի ձևավորումն ու զարգացումը»,- նշված է փաստաթղթում: Պակաս հարուստ չէ բուն փաստաթղթին հաջորդող երեք հավելվածների բովանդակությունը: Դրանցից վերջինում, մասնավորապես, վերլուծված են ՓՄՁ ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու մարտահրավերները:

 


ՈՒժեղ կողմերից է գործարար միջավայրի բարելավման զգալի առաջընթացը. ըստ ՀԲ- ի «Գործարարությամբ զբաղվելը» 2015թ. զեկույցի Արևելյան գործընկերության անդամ երկրների ցանկում իրականացրած բարեփոխումների քանակով Հայաստանն զբաղեցրել է երկրորդ տեղը: Հաջորդն այն է, որ արտահանման ուղղվածությունն ու ՓՄՁ զարգացումը երկրի տնտեսական քաղաքականության գերակայություններից են: Կա ևս 4- 5 կետ, որոնք վկայում են ոլորտի ուժեղ կողմերը: Իսկ ահա իբրև ոլորտի թույլ կողմեր, որոնք խոչընդոտում են դրա զարգացումը, նշված են հարկային վարչարարությունը, մաքսային ընթացակարգերն ու առևտրի կարգավորումները, «պետություն- մասնավոր հատված» երկխոսության թույլ զարգացումը, գործազրկության բարձր մակարդակը և այլն:

 


Կառավարությունն ակնկալում է, որ ՓՄՁ զարգացման ռազմավարության հաստատումը հնարավորություն կտա ճիշտ սահմանել և թիրախավորել ոլորտում իրականացվող քաղաքականությունը, բարելավել աջակցության ծրագրերի մոնիտորինգն ու գնահատումը և ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով խթանել տարբեր շահառուների համագործակցությունը: