Սիրիայում տեղակայված ռուսական ռազմական ստորաբաժանումների, տարբեր զինատեսակների՝ ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկատվության՝ առավել հաճախակի կերպով շրջանառմանը զուգահեռ, պրոասադական քարոզչամեքենան դիմում է նաև այլ միջոցների: Մասնավորապես, Բաշար ալ-Ասադի դաշնակիցը հանդիսացող լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպությանը հարող լրատվամիջոցները, հղում կատարելով սեփական՝ շատ վստահելի աղբյուրներին, տեղեկացնում են, որ Ռուսաստանից բացի, նաև նրան աջակցելու նպատակով, ի պաշտպանություն Սիրիայի գործող վարչակարգի, Արաբական Հանրապետության տարածք ռազմական կոնտինգենտ է պատրաստվում մտցնել նաև Չինաստանը, եթե այդ երկրի իշխանությունները համարեն, որ սիրիական իշխանությունները կանգնել են մահացու վտանգի առջև:
Ըստ վերոնշյալ աղբյուրների՝ Պեկինը չի պատրաստվում բավարարվել խորհրդանշական քայլերով, իսկ Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ստորաբաժանումների մուտքը Սիրիայի տարածք կարող է իրականացվել շատ մոտ ժամանակներում:

 


Մյուս կողմից, սիրիական ընդդիմադիր լրտվամիջոցները հորդորում են լուրջ չվերաբերել «Հիզբալլահի» ներկյացուցիչների այսօրինակ հայտարարություններին՝ դրանք որակելով որպես քարոզչական հնարք, ինչի նպատակն է հերթական անգամ ի ցույց դնել ալ-Ասադի ունեցած միջազգային լայն աջակցության հանգամանքը:
Նաև սիրիական հակամարտությանն առնչվող քարոզչական դաշտում ընթացող լուրջ բախումները թույլ են տալիս կանխատեսելու, որ հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված քաղաքական գործընթացի հեռանկարի պայմաններում բավականաչափ ակտիվացել է նաև հակամարտ կողմերի և նրանց արտաքին հովանավորների դիրքավորման գործընթացը:

 

Արմեն Պետրոսյան