Թուրքիայի տարածքում Պենտագոնի ռազմական մասնագետների կողմից մարզվող սիրիական չափավոր ընդդիմության ռազմական թևին պատկանող զինյալների արդեն երկրորդ խումբն անմիջապես Սիրիայի տարածք մուտք գործելուց հետո հանձնվել է «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորում հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությանն:

 

Ընդհանուր առմամբ, «Ալ-Նուսրայի ճակատի» շարքերն են համալրել, այսպես կոչված, «30-րդ դիվիզիոնի» 75 զինյալներ՝ իրենց սպառազինությամբ և թնդանոթներով ամրակցված 12 զրահապատ ամենագնացներով:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մարտնչող միջազգային ռազմական կոալիցիայի գործունեության մարտավարության համաձայն՝ ընդդիմադիր զինյալները Սիրիայի տարածքում միաժամանակ պետք է պայքարեին ԻՊ-ի և կառավարական ուժերի դեմ:

 


Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ 500 մլն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում մարզված զինյալների առաջին խումբը «Ալ-Նուսրայի ճակատի» կողմից ջախջախվել էր դեռևս ս.թ. օգոստոս ամսին՝ դարձյալ Սիրիայի տարածք մուտք գործելուց հետո. ընդ որում, նշվում է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում մարզվող զինյալներից մնացել են ընդամենը 4-5 հոգի:
Փաստորեն, ստացվում է, որ Սիրիայի տարածքում, ի տարբերություն Իրաքի, միջազգային կոալիցան ԻՊ-ի դեմ ցամաքային պայքարում չունի կարող դաշնակից:

 


Վերոնշյալ իրողությունը հերթական անգամ առավել հավանական է դարձնում սիրիական թնջուկի հանգուցալուծման այն հնարավոր անցումային սցենարն, ըստ որի՝ չի բացառվում ԻՊ-ի դեմ համընդհանուր ճակատի ձևավորման հանգամանքը, որը կարող է ներառել նաև կոալիցիոն զինուժի և սիրիական կառավարական ուժերի միջև համագործակցության հնարավորություն:

 

 

Արմեն Պետրոսյան