Վերջին 3 օրերի ընթացքում Երուսաղեմի Տաճարի լեռան վրա սուր ընդհարումներ են տեղի ունենում պաղեստինցի բողոքարարների և իսրայելական ոստիկանության միջև, ինչի հետևանքով ցայժմ տուժել են 26 արաբներ և 5 իսրայելցի իրավապահներ. ավելին, պաղեստինցիների քարկոծության հետևանքով մահացել է 64-ամյա Ալեքսանդր Լեյբովիչը:
Բախումների հերթական ալիքի պատճառը սեպտեմբերի 13-ին՝ հրեական Ամանորի՝ «Ռոշ հա Շանայի» տոնակատարությանը նախորդած մի քանի ժամերի ընթացքում դեպի Տաճարի լեռ ուղղափառ հրեաների ավանդական այցելության անվտանգությունն ապահովելու նպատակով Հրեական պետության ոստիկանական ծառայության կողմից մահմեդականների կարևորագույն սրբավայրերերից մեկը հանդիսացող Ալ-Ակսայի մզկիթում հատուկ միջոցառման իրականացումն էր, երբ ոստիկանների կողմից փորձ է կատարվել՝ քանդելու բարիկադները և մուտք գործելու մզկիթ՝ այնտեղ պատսպարված պաղեստինցիներին ձերբակալելու համար:
Իսրայելական իշխանությունների վերոնշյալ գործողությունները սուր քննադատության են արժանացել ողջ արաբամուսուլմանական աշխարհի կողմից: Հրեական պետությանը պաշտոնապես քննադատել են Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ մահմեդական երկրներ:
Քննադատողների շարքում հերթական անգամ առանձնացել է Թուրքիան, և հատկապես՝ նրա նախագահը: Պաշտոնական Անկարայի կողմից Թել Ավիվին ուղղված քննադատությունից հետո արդեն երկրորդական կերպով խնդրին անդրադարձել է նաև այդ երկրի նախագահ Ռ.Թ. Էրդողանը, ով «Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բռնարարքների և մահմեդական սրբավայրերի դեմ իրակացարած ոտնձգությունների համար» Իսրայելին պատժելու պահանջով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Իսկ ինչպե՞ս կարելի բնութագրել էրդողանի վերոնշյալ քայլը, եթե ոչ հերթական PR ակցիա՝ միտված թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ որպես աշխարհի բոլոր մահմեդականների շահերի գլխավոր պաշտպանի իր դերակատարությունը հերթական անգամ շեշտելուն: Իսկ եթե ավելի պատկերավոր, ապա՝ «Լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ» հայտնի արտահայտությունը Էրդողանի պարագայում կարելի է կիրառել, ասենք, հետևյալ փոխակերպմամբ՝ «Մուհամմադ մարգարեից ավելի մուսուլման»:
Արմեն Պետրոսյան