Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն։ Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջև։ Էսպես։ Ես ճանաչում եմ ձեզ։ Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք։ Դուք մինը չեք։ Դուք շատ եք։ Դուք տիպ եք։ Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու։
Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է պարապությունից ու «դիպվածով»՝ ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու էլ շպրտում է բառերը՝ շանտաժ, ժանտախտ, բանագող... թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն։
Կանգնեցեք՝ ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հովիկ Չարխչյան