Մի քանի օր առաջ՝ 10 տարի ընդմիջումից հետո, վերջապես թրաշվեցի՝ մի անգամ ու մի քանի օրով։ PAN.am-ի ընկերներս գրեցին այն մասին, որ Պանի ընտանիքի անդամ Սեդրակը վերջապես «թրաշվել է»։ Ընդհանուր դրական մթնոլորտում հնչում էին մեկնաբանություններ, թե ոչ թե «թրաշվել», այլ «սարփրվել» պետք է գրվեր։ Պարզվում է՝ ես ոչ թե թրաշվել եմ, այլ սափրվել։
Նման բառերի ցանկը կարելի է համալրել։ Գովազդներում մեզ վաճառում են «շամպուններ», որոնք ոչ թե «մազերի» համար են, այլ «վարսերի»։ Թռչնաֆաբրիկաները գովազդում են, ոչ թե «ձու», այլ «հավկիթ»։ Սպորտային մեկնաբանները նշում են, որ մարզիկները փոխանցում են կատարում ոչ թե «հետ», այլ «ետ»։ Նման կերպ ժամանակին, փորձելով գրագետ հնչել, ասում էին ոչ թե «նստեք», այլ «նստեցեք»։
Տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, թե այդ ձևերից որն է գրագետ կամ անգրագետ, այլ այն, թե որն է ավելի կենդանի ու խոսքին մոտ։ «Սափրվելը», «վարսերը», «հավկիթը» ու, հնարավոր է, նաև «ետը» բոլորն էլ գրագետ են (բավական լեզվաբանական գիտելիքներ չունեմ, ցավոք), բայց բոլորն էլ առօրյա խոսքում կիրառվում են տասնյակ անգամներ ավելի քիչ, քան «թրաշվելը», «մազերը», «ձուն» ու «հետը», որոնք իրենց հերթին նույնպես գրագետ հայկական բառեր են՝ շատ ընկալելի ու սիրուն։ Վայ, հազար ներողություն. ոչ թե «սիրուն», այլ «գեղեցիկ»։
Գիտե՞ք՝ ինչ կատարվեց 90-ականներին բառարանային վաղուց մոռացված, այսօրվա աչքին շինծու ձևերի մուտքագրումից ընդունելության քննություններ։ Եղավ այն, որ խոսակցական հայերենի ու գրականի միջև անդունդն ավելի մեծացավ։ Արդյունքում այսօր մարդկանց թվում է, թե այն բառերը, որ առօրյայում մենք օգտագործում ենք, գրական չեն, ու եթե ուզում ես գրագետ երևալ, պետք է բարդացնես սեփական խոսքը՝ պարզ բառերը փոխարինելով բարդ ու պակաս կիրառելիներով։ Ինչպես կարող է հաճախ օգտագործվող բառը լինել գրական։ Իհարկե, չի կարող։ Պետք է բարդացնել, շինծուացնել, խճճել մարդուն, որ երևաս գրագետ, թե իբր լեզվական այդ երկու իրարից շատ հեռու անդունդի հակադարձ ափից ես, ոչ թե այս։
Պարզ եղե՛ք։ Հասարակայնացրե՛ք խոսքից եկող ձևերը։ Մի՛ կեղտոտեք խոսքը օտար ու շինծու ժանգով, բայց մի՛ էլ լցրեք այն բարդ, անհասկանալի կառուցվածքներով։ Հասել ենք արդեն նրան, որ հայերը հայերի հետ նամակագրություն վարելիս անտահայտվում են անգլերեն։ Հարցին, թե ինչու անգլերեն, պատասխանում են, թե ավելի պարզ կարելի է նույն հասկացությունները փոխանցել։
Մեր լեզուն չափազանց ճկուն է ու կարող է լինել այսօր շատ կիրառելի, նրան միայն օգնել է պետք։ Իսկ լեզուն սնվում է խոսքից եկող ձևերով։ Մի՛ արգելափակեք խոսքի ու լեզվի կապը։ Լեզուն կենդանի մարմին է ու պետք է սնվի ժողովրդի լեզվով։ Այդ անդունդը գրքային ու խոսակցական լեզուների միջև պետք է հաղթահարել, այլ ոչ արհեստական խորացնել՝ յուրաքանչյուր հասկանալի բառը փոխարինելով իր ավելի խուճուճ հոմանիշներով։ Օգնե՛ք լեզվին. սովորե՛ք այն, հարստացրե՛ք, մաքրե՛ք ու կիրառե՛ք։
 
Սեդրակ Մկրտչյան