Իգդիրը որպես Արեւելյան Հայաստանի անբաժան մաս... Հաղորդվում է, որ թուրք-քրդական բախումները մոտեցել են ընդհուպ Հայաստանի սահմանին: Իգդիրի սահմանային անցակետի մոտ (Թուրքիա-Նախիջևան սահմանին) թուրք ոստիկանների մեքենան պայթեցվել է քուրդ զինյալների կողմից: Թուրքական կողմից տասնյակ զոհեր կան: Հզոր պայթյունի ձայնը լսվել է նաեւ Արարատի մարզի Ռանչպար գյուղում: Դա նշանակում է, որ փաստացի արդեն գործողություններ են սկսվել Իգդիրի շրջանում, որտեղ քրդերը բացարձակ մեծամասնություն չեն կազմում: Նշենք, որ Իգդիրը աշխարհագրորեն եւ պատմականորեն Հայաստանի Հանրապետության մի մասն է կազմում: Կարծում ենք, եկել է այն պահը, որ այսօր պետք է խոսել ոչ միայն 1915 թ. հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին, այլ նաեւ 1921 թ. քեմալական Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության բուն տարածքների անօրինական օկուպացման մասին:

 


Անդրադառնանք պատմութանը: Իգդիրը (Սուրմալուի գավառը) միշտ եղել է Արեւելյան Հայաստանի անբաժան մասը: Դեռեւս 1555 թ. հետո, Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ Հայաստանի բաժանման արդյունքում Պարսկաստանի ընդհանուր պետության ներքո կազմավորվել էր Երեւանի խանությունը' որի մեջ էր ներառված նաեւ Սուրմալուի գավառը: Արդեն Ռուսական կայսրության օրոք' Սուրմալուի գավառը անփոփոխ մնում էր Հայկական մարզի, այնուհետեւ Երեւանի նահանգի կազմում' իսկ հայ ազգաբնակչությունը կազմում էր գավառի բացարձակ մեծամասնությունը: Ներկայացնում ենք 1880-ականների Երեւանի նահանգի պաշտոնական քարտեզը' Սուրմալուի գավառի տարածքը կազմում էր 3,688 ք. կմ: Մեջբերենք նաեւ 1897 թ. Ռուսական կայսրությունում անցկացված մարդահամարի պաշտոնական տվյալները. «Իգդիրում բնակիչների ընդհանուր թիվը' 4680, որից հայեր' 3934, ռուսներ' 559, թաթարներ' 82, քրդեր' 72, եւ այլ» (Первая всеобщая перепись населения Российской Империи, 1897 г.):

 


1918-1920 թթ. Սուրմալուի գավառը արդեն Հայաստանի Հանրապետության անբաժան մասն էր, սակայն դավադրաբար անցավ Թուրքիայի կազմի մեջ ռուս-թուրքական 1921 թ. մարտին ստորագրված Մոսկվայի պայմանագրով: Մինչեւ 1920 թ. դեկտեմբերը հայկական զորամիավորումները կարողացել էին պաշտպանել Սուրմալուի գավառը թուրքերի հարձակումներից: Հայերի արտագաղթը գավառից իրականացվել է արդեն Մոսկվայի պայմանագրի ստորագրումից հետո: Հայերից դատարկված Իգդիր տափաստաններից վերաբնակեցվեցին կովկասյան թաթարների քոչվոր ցեղախմբեր, որոնց շառավիղներն էլ ներկայումս կազմում են Իգդիրի բնակչության եկվոր մեծամասնությունը:

 

Ռուբեն Շուխյան