Տարվա առաջին կիսամյակում Հայաստանը կարողացել է ապահովել տնտեսական աճ՝ հիմնականում գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում: Գլոբալ առումով, տնտեսական ոչ բոլոր ճյուղերում է հնարավոր եղել հասնել դրական տեղաշարժի, այնուամենայնիվ ի հեճուկս անվստահ գնահատականներին ՝ աճ գրանցվել է:
Փորձենք հասկանալ անվստահ գնահատականների պատճառը: Առաջին հերթին պետք է նշել օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը: Այս բացասական միտումը կարող է կասկածի տեղիք տալ վիճակագիրների մոտ, սակայն հիմք ընդունել և ասել, որ այդ պայմաններում չի կարող տնտեսական աճ լինել, պարզապես միամտություն է։
Ներդրումների գործոնը անգնահատելի է, սակայն դրանք կարող են իրենց արդյունքը տալ երկարաժամկետում: Մասնավորապես, Թեղուտի հանքավայրում տարիներ շարունակ իրականացված մեծածավալ ներդրումների ազդեցությունը միայն այս տարի արտահայտվեց տնտեսական աճի ցուցանիշների մեջ։
Հաջորդը բյուջեի եկամուտներն են: Թվում է թե տնտեսական աճի պայմաններում պետական եկամուտները պետք է ավելի զգալի ավելացում ունենաին: Ինչպես հայտնի է, տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, բյուջեի մուտքերն ավելացել են 0,8 տոկոսով։
Այստեղ պետք է նշել, որ անհամարժեք մուտքերի պատճառը պետք է փնտրել բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրների մեջ։
Տնտեսական աճի ձևավորման մեջ դոմինանտ է եղել գյուղատնտեսությունը, որը սակայն տնտեսության այն ոլորտն է, որտեղ գյուցացին հիմնականում ազատված է հարկերից: Այստեղից էլ առաջանում է այն շեղումը որն առկա է բյուջեի եկամուտների և տնտեսական աճի ցուցանիշների միջև։
Բացի դրանից, տնտեսական աճը համարժեք չի արտահայտվել հասարակության սոցիալական վիճակի վրա,սակայն դա նույնպես բնական է: Դրա հիմնական պատճառը հասարակության եկամուտների մեծ կախվածությունն է արտաքին ֆինանսական հոսքերից: Դրանք կազմում են ՀՆԱ ընդհուպ մինչեւ 20-25 տոկոսը։ Այս պայմաններում դրանց 30-35 տոկոս նվազումը չի կարող ազդեցություն չունենալ բնակչության կենսամակարդակի վրա։ Այլ կերպ ասած, տնտեսական աճի և տրանսֆերտների նվազման տարբերությունը համարժեք ընդունվել չի կարող:
Տնտեսական անկյուն