Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները բավական մեծ առաջընթաց են գրանցել: Թվում էր, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կարող է հանգեցնել երկու երկրների միջև առկա հարաբերությունների կոլապսի, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը ՝ եղավ հակառակը:
Նախորդ տարվա տվյալներով երկու երկների միջև առևտրաշրջանառությունը, արտահանումը և ներմուծումը ավելացել է: Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում եղած տնտեսական ցնցումները, դրամի արժեզրկումը և արտաքին գործոններով պայմանավորված, արտահանման ծավալների կրճատումը որոշակի ժամանակահատվածում, կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է հարաբերությունների զարգացման դրական միտում:
Տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար շեշտը կարելի է դնել գյուղատնտեսության վրա, որը գերակա ճյուղ է համարվում ՀՀ-ում:
Այս օրերին Վրաստանում տեղի է ունեցել երկու երկների գյուղնախարարների առանձնազրույցը,որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Շեշտը բնականաբար դրվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ' ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը:
Քննարկվել է նաև ձկնաբուծության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Մասնավորապես, այս ոլորտում երկու կողմերն ունեն առաջին հաջող ծրագիր: Խոսքը «Իխտիոսի» ձկնաբուծարանի մասին է, որը ստեղծվել է հայ և վրացի գործարարների համատեղ ներդրումներով:
Համատեղ ձեռնարկությունների բացումը կարող է ոչ միայն զարգացնել գյուղատնտեսական ոլորտը, այլ նաև լուծել լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խնդիրը:
Անի Սանոսյան