Գյումրին շարունակում է կառավարության ուշադրության կենտրոնում մնալ: Այս առումով առավել հետաքրքրական էր վարչապետի այցելությունը Գյումրու թեթեւ արդյունաբերական՝ «Լենտեքս» ընկերություն՝ Հայաստանում գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը: Այս ձեռնարկությունը, հիմնվելով 2001 թ.-ին, հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի և մանկական գուլպեղեն, տրիկոտաժեղեն, տարեկան արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն դրամ:
Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85 հազար դրամ միջին աշխատավարձով: 2014 թ. շահագործման է հանձնվել ընկերության արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով: Սակայն դա ձեռնարկության գործունեության գագաթնակետը չէ: «Լենտեքսը» նպատակ ունի նոր մասնաշենք կառուցել կամ ձեռք բերել լրացուցիչ 300 աշխատատեղեր ստեղծելով:

 


Կառավարության ղեկավարը հենց այս հարցում անմիջական պատրաստակամություն հայտնեց աջակցել ընկերությանը: Նա ընկերության տնօրենին առաջարկեց հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել բիզնես-պլան եւ ընդգծեց, որ անձամբ է հետևելու բոլոր գործընթացների կազմակերպմանը՝ ընկերությանը տարածքի տրամադրումից մինչև վարկային ռեսուրսների հատկացում:
Այս եւ տնտեսության զարգացման մյուս հարցերում կառավարությանն աջակցելու և գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է հայտնել շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը, որը վարչապետի հետ գտնվում էր Շիրակի մարզում:
Վարդան Սրմաքեշը Շիրակի մարզի տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով առաջարկել է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Այս ծրագիրն իրականացվելու է կառավարության հետ համատեղ եւ համաֆինանսավորմամբ:

 


Վարչապետի առաջարկությամբ, կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն դոլարի չափով մասնակցություն կունենա, այս ծրագրի ընդհանուր գումարը հասցնելով 12 մլն դոլար: Ընդ որում, վարկերը տրամադրվելու են աննախադեպ՝ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, 7 տարի ժամկետով: Այս ծրագրից վարկավորում ստանալու հնարավորություն կունենա ոչ միայն «Լենտեքսը», այլեւ Գյոմւրիում գործող այլ ձեռնարկություններ, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողները: Մասնավորապես, խոսվում է այս ծրագրի միջոցով նոր գյուղտեխնիկայի ձեռք բերման մասին: Վարդան Սրմաքեշի կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի կառավարության համաֆինասավորումն ու աջակցությունը ստացող այս ծրագիրը Շիրակի մարզի տնտեսության աշխուժացման համար իսկապես որ կարեւոր նշանակություն կունենա: Սակայն հարկ է ամրագրել ֆինանսավորում ստանալու համար որոշակի պայմաններ՝ գումարներն ուղղվեն բացառապես իրական հատված՝ արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, փոքր արտադրություններ:

 


Այնպես չլինի, որ 5 տոկոսով վարկավորում ստանան ասենք գեղեցկության սրահի կամ ռեստորանի սեփականատերը, տոնավաճառի առեւտրականը կամ խանութի սեփականատերը: Այս ոլորտները ոչ միայն արժեք չեն ստեղծում, այլ ունենալով բարձր եւ արագ շահութաբերություն, կարող են վարկավորում ձեռք բերել գործող բանկային տոկոսադրույքներով: Մնում է հուսալ, որ հնարավորինս արագ կյանքի կկոչվի այս ծրագիրը, նպաստելով Գյումրի քաղաքի արդյունաբերական համբավի վերականգնմանը:

 

Կարեն Մկոյան