Տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ մշտապես վրդովվմունքի պատճառ են հանդիսացել: Այս հարցին անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որի ժամանակ ուժը կորցրած է ճանաչվել Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին որոշումը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասել է, որ առաջարկվող նախագծի համաձայն մինչ հունվարի մեկը կտրուկ սահմանափակվում են տեսչական ստուգումները:
Դավիթ Հարությունյանը նշել է, որ այսպիսով նվազեցվում է տեսչական մարմինների և տնտեսվարողների շփումները և ստուգումներ էլ իրականացվելու են միայն բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսվարողների մոտ, ինչպիսիք են օրինակ գազալցակայանները:
Ստուգումներ իրականացվելու են միայն պետական սեփականություն ունեցող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններում, որոնք տնտեսական շահույթ չեն հետապնդում: Շարունակվելու են ստուգումները դպրոցներում և մանկապարտեզներում՝ երեխաներին որակյալ սննդով ապահովելու նպատակով: Հարկ է նշել, որ սույն որոշումը չի տարածվելու նաև այն դեպքերի վրա, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով:
Ըստ որոշման վարչական վարույթի ընթացքում տեսչական մարմինները տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացնելու համար պետք է դիմեն ՀՀ վարչապետին և միայն համաձայնությամբ իրականացնեն իրենց քայլերը:
Որոշման մասին խոսել է նաև Հովիկ Աբրահամյանը, ով բոլոր նախարարներին հանձնարարել է խստագույնս պահպանել որոշման պահանջները և հորդորել տնտեսվարողներին բարձրացնել ֆինանսական կարգապահությունը: Նա նաև հավելել է, որ այս որոշումը տնտեսության ակտիվացմանը ուղղված կարևոր քայլ է:
Տիգրանուհի Դավթյան