Անդրադառնալով ռեգիոնում ռազմաքաղաքական հավասարակշռության նկարագրին՝ նախորդ վերլուծության մեջ արդեն նշվեց, որ բացի ստատիկ զինուժի ու ռազմական տեխնիկայի տիպատեսակային նկարագրից կան այլ՝ նույնքան կարևոր, բայց ոչ ուղղակի ցուցիչներ, որոնք իրականության մեջ արտացոլում են տարածաշրջանային ակտորների ռազմաքաղաքական ներուժի հարաբերակցության բնույթն ու միտումները: Փորձելով հասկանալ հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա վիճակը և դրա հնարավոր փոփոխման միտումները՝ անդրադառնանք այդ ցուցանիշներից մի քանիսի դիտարկմանն ու համեմատությանը:

 

Ռազմաքաղաքական հարաբերակցության կարևորագույն ինդեքս է համարվում հակամարտության կողմերի ռազմական ծախսերը: Մամուլում և երբեմն նաև փորձագիտական վերլուծություններում հաճախ այդ ծախսային մասը ներկայացվում է որպես ռազմական հզորության բացառիկ և բացարձակ ցուցիչ: Կարծիք է հայտնվում, թե ով որքան շատ է ծախսում, նա այդքան գերակշիռ ուժեր ունի: Սակայն ռազմաքաղաքական իրականության մեջ իրավիճակը քիչ այլ է:

 

Հիմք ընդունելով Ստոգհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի(SIPRI) 2008-14թթ տվյալները (տվյալների նման բազա ունի նաև «Ռազմավարական հավասարակշռության զեկույցները»)՝ նշենք, որ ռեգիոնում ԼՂ շուրջ հակամարտող կողմերի հրապարակված ռազմական ծախերի (բոլոր հաշվարկները կատարված եմ USD-ով) առումով Ադրբեջանը բացարձակ առաջատար է. 2008՝ 1.6մլրդ, 2009`1.4մլրդ, 2010` 1.4մլրդ, 2011` 3մլրդ, 2012` 3.1մլրդ, 2013` 3.5մլրդ: Հայաստանի պարագայում իրավիճակը հետևյալն է. 2008` 396մլն, 2009` 359մլն, 2010` 395մլն, 2011` 391մլն, 2012` 387մլն, 2013` 404մլն: Կողմերի ռազմական ծախսերի կարևոր ցուցիչ է նաև այն, թե նրանք որքան գումար են կողմերը մեկ տարվա մեջ ծախսում մեկ զինվորի վրա: Այդ ցուցիչով ունենք հետևյալ իրավիճակը. Ադրբեջանի մասով՝ 2008`19.5 հազ., 2009` 17.5, 2010` 18, 2011` 37.5, 2011` 38.8, 2012` 31.8, 2013`35.2: Հայաստանի մասով՝ 2008` 9.4 հազ., 2009` 6.4 հազ., 2010` 7.1 հազ., 2011`7 հազ., 2012` 7.8 հազ., 2013` 8.2 հազ.:

 

Ներկայացված տվյալներից տեսանելի է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերակշռում են հայկականը: Իհարկե, մենք չենք կարող պնդել, թե երկու կողմերի ներկայացրած տվյալներն իրականությանը լիարժեքորեն համապատասխ են: Սակայն, եթե համադրում ենք Ադրբեջանի կողմից, ասենք ՌԴ-ից, գնված տեխնիկայի գնային միջինը, ապա կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի այդօրինակ ծախսերը զինտեխնիկայի ձեռքբերման և զինուժի անձնակազմի որակի և մարտունակության բարձրացման վրա փաստորեն միշտ չէ, որ արդարացված են: Դրա ամենից խոսուն փաստարկ կարող է դիտվել առնվազն այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա սահմանային միջադեպերում կորուստների միջինացված տվյալները ոչ հօգուտ Ադրբեջանի են և մոտավորապես ունենք հետևյալ պատկերը. Ադրբեջանը 2013` 1.2, իսկ 2014՝ 1,8 անգամ ավելի մեծ կորուստներ է ունեցել, քան հայկական կողմը (իրական հարաբերակցությունը շատ ավելի մեծ է, քանի որ Ադրբեջանը մարտական իր կորուստները ներկայացնում է որպես դժբախտ պատահար, առողական խնդիրներ արդյունք կամ առհասարակ չի ներկայացնում): Սա առնվազն նշանակում է, որ ռազմական ծասերի մի զգալի մասը կամ արդարացված չէ, կամ կոռուպցիոն ռիսկերի արդյունքում փոշիանում է, կամ ուղղակի այդ թվերը միֆ են: Այսինքն, եթե պասիվ պատերազմում կորուստները այսպիսին են, ապա ակտիվ պատերազմում առկա մեծ ծախսերի պարագայում անգամ, կորուստները կարող են լինել ասենք 100 անգամ ավելի:

 

Մի կարևոր հանգամանք ևս: Եթե Ադրբեջանը ասենք 4-7(8) մլն-ով ՌԴ-ից գնում է մեկ Տ-90 տանկ, ապա ՀՀ-ն իր զինանոցում առկա Տ-72-ը, (որի հիմքի վրա է ստեղծվել Տ-90-ը) բարեփոխելով ու արդիականացնելով հասնում է նրան, որ իր տեխնիկան կարող է նաև մի շարք մարտավարական կարևոր օղաների մասով ամենևին չզիջել Տ-90-ին, (ըստ որոշ փորձագետների էլ, հակառակը դեռ մի բան էլ գերազանցում է) սակայն ծախսում է ասենք 10 անգամ պակաս ֆին.միջոց: Սա բավական ռացիոնալ ու խելամիտ, տնտեսող մոտեցում է, որը առկա ռեսուրսների պարագայում օպտիմալ է:

 

Հայաստանի պարագայում ռազմ. ծախսերի ներկայացված թվերը, կարծում ենք, նույնպես ունեն շեղումներ: Այսինքն դրանք իրականում ավելին են, քան նշված է: Հայաստանում կան մասնավոր և պետական հիմնադրամներ, տեղաբնակ և արտերկրյա գործարարներ, ովքեր անձնական ֆինանսական միջոցներ են տրամադրում երկրի ռազմ. պոտենցիալի արդիականացմանը: Դա նոր երևույթ չէ: Դա եղել է նաև ԼՂ պատերզմի ակտիվ փուլում: Հայաստանի պարագայում խնդիրը ոչ թե մեծ բյուջի մեջ է, այլ առաջադրված խնդիրների ֆինանսական սպասարկման մեջ: Միշտ չէ, որ մեծ ռազմ. բյուջեն լուծում է առկա խնդիրները: Խնդիրների լուծումն առաջին հերթին խելամիտ կառավարման մեջ է: Իհարկե մենք հեռու ենք այն մտքից, թե մեզ մոտ ամեն բան լավագույն վիճակում է, սակայն հարաբերական առումով հայկական գործելաոճը բավական իրատեսական է, ու ֆինանսական առուոմվ լուծում է իր առջև դրաված կոնկրետ խնդիրները: Ի դեպ, այն զինտեխնիկան, որը Ադրբեջանը գնում է ՌԴ-ից, իսկ ՌԴ-ն փաստացիորեն վերջին տարիներին դարձել է Բաքվի հիմնական զինմատակարարը, մենք ՀԱՊԿ-ի գծով գնում ենք աննախադեպ էժան գնով, կամ «նվեր» ենք ստանում: Չնայած քաղաքականության մեջ նվերներ չեն լինում:

 

Ամփոփելով ռազմական ծախսերի ընդհանուր նկարագիրը՝ կարող ենք նշել, որ ռազմաքաղաքական հարաբերակցության առումով կողմերի ծախսած ֆին.ռեսուրսների մասով ունենք մեծ շեղում: Սակայն այդ շեղումը, որը հօգուտ Ադրբեջանի է, ոչ միշտ է արդարացված, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնք կարող են պայմանավորել ռազմաքաղաքական հարաբերակցության իրական պատկերը: ԼՂ հակամարտության ու նրա շուրջ ստեղծված ուժային հարաբերակցության բնույթը այնպիսի է, որ գերակա կողմը ոչ թե այն է, ով ավելի շատ զենք ունի, կամ ֆին.ծախսեր է անում, այլ այն, թե օպերատիվ մարտավարական ու ռազմավարական կտրվածքով ում դիրքերն են առավել մրցունակ առաջադրված կոնկրետ խնդիրների լուծման բովանդակության և ձևի առումով:

 

շարունակելի

 

 

 

 

Ալեն Ղևոնդյան