Ֆրանսիան Եվրամիության անդամ երկրներից Հայաստանում ամենամեծ ներդրումներ կատարած երկիրն է:
Բացի դա պետք է փաստենք, որ Հայոց ցեղասպանության միջաազգային ճանաչման և դատապարտման հարցում Ֆրանսիան մեծ դերակատարում ունի:
Ինչպես գիտենք, հուլիսի 3-5-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր գտնվում Հովիկ Աբրահամյանը, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. մայրաքաղաք Երևանը և Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ հանդիպման ժամանակ, Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական շփումներին: Վարչապետը կարևորել է ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցերը՝ գոհունակություն հայտնելով ֆրանսիայի պատգամավորների «Արցախի հետ բարեկամության խմբի» ստեղծման կապակցությամբ:
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ հանդիպման ընթացքում: Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը զարգացման լայն հնարավորություններ ունի:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում:
Հիմա արդեն հարկ է քննարկել, թե որտեղ է հնարավոր իրացնել երկու երկրների հարաբերությունների չօգտագործված ներուժը:
1. Կարելի է ակնկալել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների ավելացում:
2014-ին այն կազմել է շուրջ 85 մլն դոլար, որից 5 մլն դոլարը Հայաստանից արտահանումն է դեպի Ֆրանսիա, 80 մլն դոլարը' ներմուծումը Հայաստան: Թե հատկապես հայկական որ ապրանքները հեռանկար կունենան եվրոպական շուկայում դժվար է ասել, բայց դրա հնարավորությհունն առկա է' ի դեմս հայկական մի քանի հազար ապրանքատեսակների համար ԵՄ ներմուծելու արտոնյալ ռեժիմի:
2. Ֆրանսիական ընկերությունների նոր ներդրումներ կարելի է ակնկալել մեր երկրում' նկատի ունենալով այժմ Հայաստանում գործունեության ծավալողների հաջողված օրինակները: Օրինակի համար Երևանի կոնյակի գործարանի սեփականատեր «Պեռնո Ռիկար», հեռահաղորդակցության ոլորտում' «Օրանժ», ջրամատակարարման ոլորտում «Վելոիա» եւ «Սոր» ընկերություններ եւ այլն:
Վաչագան Գևորգյան