Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 2,7 տոկոսով։
Ըստ տնտեսության ճյուղերի ամենամեծ աճն արձանագրել են գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը, ապա ծառայությունները: Շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 4,5 տոկոսով, գյուղատնտեսությանը'6 տոկոսով, ծառայություններինը' 3,8 տոկոսով, շինարարությանը' 0,4 տոկոսով, առեւտրին շրջանառությունը նվազել է 8,6 տոկոսով:
Միեւնույն ժամանակ, մայիսին ապրիլի նկատմամբ արդյունաբերությունն աճել է 0,5 տոկոսով, գյուղատնտեսությունը' 46,6 տոկոսով (էական դեր ունի սեզոնային գործոնը), շինարարությունը 31,2 տոկոսով, առեւտուրը' 4,2 տոկոսով, ծառայությունները' 6,7 տոկոսով:
Ինչ վերաբերվում է 2015-ի մայիսի ցուցանիշների համեմատությունը 2014-ի մայիսի հետ, ապա արդյունաբերության աճը կազմել է 5,2 տոկոս, գյուղատնտեսությանը' 8,8 տոկոս, ծառայությունները' 3 տոկոս, շինարարությունը' 0,2 տոկոս, առեւտուրը արձանագրել է անկում' 12,2 տոկոս:
Անահիտ Գրիգորյան