Անցած շաբաթ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ֆինանսների նախարարին հանձնարարել էր կառավարության այսօրվա նիստում ներկայացնել սրբագրված պետբյուջեի վերջնական տարբերակը: Սովորական լեզվով ասած' խոսքը վերաբերում է բյուջեի մի շարք հոդվածների ֆինանսավորման կրճատմանը: Ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի խոսքով կրճատումը չի վերաբերում սոցիալական, օրինակ' առողջապահության նախարարության ծրագրերից և ոչ մեկին. նվազեցվել են վարչական և ընթացիկ ծախսերը:
Երկրի տնտեսությունում ստեղծված վիճակը ֆիննախի ղեկավարը բացատրել է արտաքին գործոններով. «Հենց արտաքին գործոններով է պայմանավորված արտահանման և ներդրումների կրճատումը: Վրաստանի տնտեսության վրա ազդել են տարածաշրջանի գործընթացները, ինչը նշում են նաև իրավիճակն անաչառ գնահատող միջազգային կազմակերպությունները: Եթե դուք դիտարկեք, մասնավորապես, մեր հարևան երկրներում ստեղծված դրությունը փոխարժեքի և տնտեսական աճի տեսանկյունից, ապա կտեսնեք, որ Վրաստանում, չնայած և մենք գոհ չենք ներկա իրողությունից, մյուսների համեմատ վիճակը լավ է»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Նոդար Խադուրին' այդպես էլ չճշտելով, թե որ հարևաններին նկատի ունի:
«Վրաստանի նորություններ» գործակալության թղթակից, փորձագետ և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլին իր հերթին անհրաժեշտ է համարել կառավարության վերակառուցումը. «Եթե դա չարվի, ապա իշխանությունը լուրջ խնդիրներ կունենա, և դրանք հրաժարականով չեն լուծվի,- ասել է նա:- Պետք է ոչ թե երեք նախարար փոխել, այլ կառավարման սկզբունքները, այդ թվում' անհատներին»:
Խուխաշվիլին ափսոսանքով նշել է, որ կառավարության ներկայիս ղեկավարն այդպես էլ համազգային մեծության առաջնորդ չդարձավ, և նա ոչ մի հեռանկար չունի:
Իվանիշվիլիի նախկին խորհրդականը նաև չի բացառել, որ եթե երկիրը հայտնվի տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, ապա միլիարդատերը կարող է քաղաքականություն վերադառնալ: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ըստ երևույթին, համաձայն չէ փորձագետի կանխատեսմանը: Նա մտադիր է վաղը ևեթ մեկնել Բաքու' մասնակցելու Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը:
Հայկ Համբարձումյան