Օրեր առաջ անդրադարձել էի սննդամթերքի անվտանգության պետական ծառայութան գործունեության ուղղված որոշ հասարակական գործիչների անդրադարձներին: Հատկանշական է, որ վերջին օրերի ընթացքում ՍԱՊԾ գործունեությանն են անդրադարձել նաև «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանը, Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լևոն Աճեմյանը և «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ըստ Ս. Ստեփանյանի' ՌԴ-ից ներկրված հավի մսի մեջ մեծ քանակով ջուր էր սրսկած, իրենք հենց վաճառքի կետերում ստուգել են, հալեցրել ջուրը, և ներկրողին ասել, որ «նման բաներ չանեն»: Այսպիսի թռչնամիսը մրցակցության մեջ է տեղական արտադրանքի հետ, քանի որ այն ներկրվում է խոր սառեցված վիճակում, սակայն արդեն Հայաստանում անհատները հալեցնում են և տեղական թռչնամսի անվան տակ իրացնում:
Սա ուղղակի մեղադրանք է' ուղղված ՍԱՊԾ-ին, քանզի հենց նրանք պետք է վերահսկեն սննդամթերքի իրացման շուկան:
«Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մ. Հաբոյանը նշել է, որ հատկապես տարվա այս սեզոնին վտանգավոր են դառնում գազավորված ըմպելիքները, որոնք պահպանված չեն համապատասխան պայմաններում: Կարծում եմ արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերահսկող մարմինը ՍԱՊԾ-ն է:
Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լևոն Աճեմյանն էլ նշել է, որ չի վերահսկվում տրանսճարպերի քանակը, ու այս շուկայում բարձիթողի վիճակ է: Հատկանշական է, որ բանախոսը համեմատել է մեր երկրում առկա վիճակը ոչ միայն եվրոպական երկրների հետ, այլև Ռուսաստանի' փաստացի ապացուցելով, որ խայտառակ վիճակում ենք անգամ Ռուսաստանի հետ համեմատ:
Ամենևին պատահական չէ, որ ասուսլիսները լուսաբանող լրագրողներից շատերը որպես վերջաբան տալիս են մեկ եզրակացություն' ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան չինովնիկները մատնված են հանցավոր անգործության:
Ինչ է ստացվում. Ստացվում է, որ մեր չվերահսկող վերահսկողների գործունեությունից դժգոհ են բոլորը' ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, քաղաքացիներ, որոնք ոչ միայն դժգոհ են, այլև բարձրաձայնում են. ՍԱՊԾ ներկայիս գործունեությունը խիստ քննադատության են ենթարկել ոլորտի բոլոր բազմափորձ ՀԿ-ները, իսկ վերահսկողները շարունակում են նույն ոգով. նրանց չեն կաշկանդում անգամ զանգվածային թունավորումները:
Գոռ Գևորգյան