Մեկ տարի է, ինչ Հայաստանի տնտեսությունը գտնվում է բարդ իրավիճակում. տնտեսական աճը դանդաղել է: Երևի թե հենց սրանով է պայմանավորված, որ վերջին ժամանակներս մի շարք կայքերում կառավարության ղեկավարի հնարավոր փոփոխության վերաբերյալ լուրեր են պտտվում:
Սակայն հարցն այն է, որ երկրի տնտեսական դրության բարդացումը միայն անձով չես կարող պայմանավորել, քանի որ կան լուրջ արտաքին գործոններ, որոնք անմիջականորեն մեծ ազդեցություն են գործում մեր երկրի տնտեսության վրա: Առաջին հերթին այդ արտաքին գործոններն են ռուբլու փոխարժեքի անկումը, Արևմուտքի պատժամիջոցների սահմանումը ՌԴ-ի նկատմամբ և այլն, որոնց արդյունքում Հայաստանը կորցրեց շուկաներ, արտահանումը դարձավ ոչ ձեռնտու, նվազեցին Հայաստան մտնող տրանսֆերտների քանակը, տեղի ունեցավ դրամի արժեզրկում և այլն:

 


Բացի այդ տնտեսական դժվարությունների առջև է կանգնել նաև մեր ամբողջ տարածաշրջանը: Նույնիսկ տնտեսական դժվարություններ չունեցող Ադրբեջանը ստիպված է եղել մի շարք պրոյեկտներ դադարեցնել:
Այս ամենով հանդերձ, հարկ է նշել, որ դեռևս հնարավոր է եղել խուսափել տնտեսական անկումային ցուցանիշներից և որոշակի աճ ապահովվել ի տարբերություն 2009թ-ի տնտեսական ճգնաժամի, երբ որ Հայաստանը հսկայական տնտեսական անկում արձանագրեց մոտ 14.4 տոկոսի չափով:
Ներկայումս Հայաստանի ամենագլխավոր խնդիրը տնտեսական կայունության ապահովվումն է, սակայն դա չի նշանակում, որ պետք է բավարարվել ձեռք բերված տնտեսական ցուցանիշներով:
Այնուամենյանիվ, ինչքան էլ որ արտաքին որոշակի գործոններ ազդեն Հայաստանի տնտեսության վրա, պետք է աշխատել տնտեսական զարգացման այլընտրանքային ճանապարհեր գտնելու համար:

 

 

Նարեկ Պողոսյան