Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է հոկտեմբերի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի այն ձևակերպմանը, թե «միայն հիմարները, կամ իրեն հիմարի տեղ դնողը կասի. որ այս բարեփոխումները արվում են երկրի և ժողովրդի բարորության համար, ամեն քայլ օգտագործվում է ի շահ իշխանության»:


Նախարարը մասնավորապես նշել է. «Ցանկացած լուրջ քննարկման ժամանակ, եթե գնահատականներ են հնչում, բայց ոչ բովանդակային քննադատություն, դա խոսում է այդ գնահատականի արժեքի մասին, երբ կան մեղադրանքներ, դրանք կարող են լինել ցանկացած փաստաթղթի վերաբերյալ՝ անգամ չընթերցված»:
Նա նաև ցավով նշել է, որ հավանաբար առաջին նախագահը չի ծանոթացել բարեփոխումների հայեցակարգին, «նա իր առջև նման խնդիր չի ունեցել. հնչեցրել է ուղղակի գնահատականներ»:


Իրականում, սահմանադրական հայեցակարգի բարեփոխումների փաթեթի քաղաքական-հասարակական լայն շերտերի առողջ համագործակցության և բովանդակային քննարկումների պարագայում, հնարավոր կլինի ստանալ առավել անխոցելի փաստաթուղթ:

 

 

Արմեն Հովսեփյան