Հայտնի է, օսմանյան կառավարությունը հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար կազմակերպել էր հատուկ նշանակության ջոկատներ, որոնք հայտնի էին «Թեշքիլաթը մահսուսե» («Հատուկ կազմակերպություն») անունով: Դրանք զբաղված էին ոչ միայն տեղահանության ու խաղաղ բնակչության բնաջնջման գործով, այլեւ նրանց շարժական ու անշարժ գույքի բռնագրավման աշխատանքներով։

 

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո ստեղծվեցին 33 հանձնաժողովներ, որոնք լծվեցին «լքված գույքի» հաշվառման, գրանցման ու իրացման գործին։ Այդ աշխատանքներն իրականացնում էին «Թեշքիլաթը մահսուսե» -ի անդամներից բաղկացած հատուկ հանձնաժողովները։ 1922-ին Թուրքիայում ընդունվեց «Լքված գույքի մասին» առաջին օրենքը, իսկ 1929-ին, կառավարության հրամանով, հայերին արգելվեց իրենց կալվածքը տնօրինել՝ վաճառել կամ ժառանգներին փոխանցել։ Կալվածքը տիրոջ մահից հետո անցնում էր թրքական կառավարությանը։

 

Ի դեպ, 1920-ականներին շարունակվում էր հայերի բռնի տեղահանությունը։ 1929-1930 թթ. միայն Խարբերդից, Տիգրանակերտից ու Մարդինից տեղահանվեց ավելի քան 30 հազար հայ։ Դոկտ. Հոֆմանի «Armenians in Turkey today» աշխատության մեջ հանդիպում ենք անգլիացի պատմաբան Քրիսթոֆըր Վաքըրի հետեւյալ մեջբերմանը. «Հայերը նորանոր հարձակումների ենթարկվեցին: 1929թ. ամռանը և հաջորդող ամիսներին սկսվեց հայ գյուղացիների ու արհեստավորների մնացորդների տխուր տեղահանությունը»։ Հայտնի է, որ բռնագաղթի ենթարկված հայերի անցագրերում դրվել է «Թուրքիա վերադարձը արտոնված չէ» գրությամբ կնիք։

 

1938-ին թրքական պետությունը հատուկ դաժանությամբ իրականացրեց դերսիմահայության բնաջնջումը, որին հետեւեց «լքված գույքի» բռնագրավումը։ Պոլսի 1955-ի սեպտեմբերյան վայրագությունները նույնպես հայերին ու հույներին ահաբեկելու եւ նրանց ունեցվածքին տիրելու նպատակ էին հետապնդում։ Գազանությունները շարունակվում էին նաեւ գավառներում։ Այսպես, 1958 թ․ Կեսարիայի Քեոհնե գյուղում հայերից պահանջում են ողջ ունեցվածքը հանձնել համայնքին։ Երբ մարդիկ փորձում են պարզել, թե ինչումն է խնդիրը՝ կատաղած թուրք գյուղացիները հարձակվում եւ կոտորում են յոթ հայ ընտանիք։ Բռնություններ էին իրականացվում նաեւ իսլամադավան հայերի նկատմամբ։

 

Մինչեւ 1988 թ․ թուրքական կառավարությունը հետեւողականորեն իրականացնում էր հայերի, ինչպես նաեւ հույների ու ասորիների անշարժ գույքի յուրացման քաղաքականություն։