Նոր Նորքի 1-ին զանգվածը երկրորդին միացնող գետնանցումը վերջերս կառուցապատվեց և համալրվեց նոր կրպակներով: Այստեղից հնարավոր է ձեռք բերել ծաղիկներ, հարդարանքի պարագաներ, հագուստ, զանազան նվերներ, հեռախոսների աքսեսուարներ և այլն:
Այս ամենն, իհարկե, շատ լավ է (չնայած փոքր-ինչ դժվարացել է ազատ տեղաշարժվելը), բայց այս ամենի մեջ վտանգված է մի շատ կարևոր անկյուն:

 


Անցումի մի անկյունում գրքեր են վաճառվում, այն էլ՝ բավականին մատչելի գներով: Գրավաճառը մի տարեց կին է, ով վերջին ժամանակներս եռանդագին պայքարում է, որ իր անկյունը չկորցնի: Կրպակների սեփականատերն առաջարկում է նրան մի ընդարձակ տարածք, որի համար այդ տիկինը պետք է վճարի բավականին կլորիկ մի գումար, իսկ գրավաճառությունն, ինչ խոսք, այնքան շահութաբեր չէ, որ այդպիսի շռայլություն թույլ տա:

 


Գուցե գրքերի դեպքում պետք է մի քիչ «մեղմ» մոտենալ, չգիտեմ...
Կուզեի, որ գրքի նկատմամբ հոգածություն լիներ: Նյութական շահի հետևից ընկնելով՝ մենք կկորցնենք այն կարևոր բանը, որ կոչվում է հոգու հարստություն, իսկ դրա հետևանքը հաստատ ի վնաս մեզ է լինելու:

 

 

 

Արսեն Վարդանյան