Ինչպես ես հայտարարել էի այսօր, իմ կողմից հանձնարարական էր տրվել համապատասխան ծառայությանը՝ ստուգելու երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող կալանավոր Գեւորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ: Փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարության համաձայն՝ երեկ բանտախցում եղել են 27 հոգի և ընդամենը 8 մահճակալ:
Ստուգման արդյունքում պարզել ենք, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, թեև հարկ է արձանագրել, որ մասնավորապես, այդ բանտախցում պահման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմատիվներին: Իրականում բանտախցում եղել են 12 մահճակալներ, թեև նշված խուցը նախատեսված է եղել 8 մահճակալի համար:
Ես տվել եմ համապատասխան հանձնարարական առկա հնարավորությունների սահմաններում ստեղծել կենցաղային առավելագույնս տանելի պայմաններ և անել հնարավորին ամեն ինչ, թույլ չտալու համար այդտեղ պահվող անձանց իրավունքների խախտում:
Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ այս խնդիրը չի վերաբերվում միայն Նուբարաշեն ՔԿՀ-ին, կամ միայն տվյալ բանտախցին, կամ միայն կալանավոր Գեւորգ Սաֆարյանին: Խնդիրը համակարգային է, բարդ է և ծախսատար, հետևանք է մեր կողմից ժառանգած սովետական աղետալի բանտային համակարգի: Սակայն կառավարությունը տեսնում է իրավիճակի բարելավման ուղիներ և հնարավորություններ: Մենք ամենաօրյա ուշադրության կենտրոնում ենք պահում այս խնդիրը: Ժամանակի ընթացքում մենք հասնելու ենք էական փոփոխությունների այս ոլորտում:
Կից նյութը՝ այստեղ
Հովհաննես Մանուկյան