Համաշխարհային բանկը հաղորդում էր տարածել, որ Հայաստանի տնտեսությունը 21%-ով կախված է տրանսֆերտներից: Ըստ այդ աղբյուրի, հետխորհրդային երկրներից արտաքին տրանսֆերտներից Վրաստանի տնտեսությունը կախված է 12%-ով, Ղրղզստանը 31,5%-ով, Մոլդովան 25%-ով, Տաջիկստանը 42%-ով, Ուկրաինան 5,5%-ով, Լիտվան 4,5%-ով, Ուզբեկստանը 12%-ով: Հարևան Ադրբեջանի տնտեսությունը տրանսֆերտներից կախված է 2,5%-ով, որը արժեքային արտահայտությամբ համարյա համարժեք էր Հայաստան փոխանցվող տրանսֆերտների արժեքին (մոտ 2-2,1 մլրդ. դոլլար, 2014 թ.):
Նախորդ տարի Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկիր փոխանցումների մոտ 73,2%ը: 2014թ.-ին նախորդ տարվա համեմատ Ռուսաստանից բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստանն կրճատվեցին 173 մլն. դոլլարով, կազմելով՝ 1,55 մլրդ դոլլար: Իսկ ընթացիկ տարում Ռուսաստանից տրանսֆերտները ավելի բարձր տեմպերով են կրճատվում, որը կազմում է մոտ 45%: Բնականաբար, Ռուսաստանի տրանսֆերտներից մեծ կախվածություն և դրանց զգալի կրճատման պատճառով, Հովիկ Աբրահամյանի Կառավարության առջև (ինչու չէ, նաև ցանկացած այլ Կառավարության), լուրջ սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ էին ծառանալու:
Այս իրավիճակում, ի˚նչ պետք է անի Կառավարությունը, որպեսզի փոխհատուցի տրանսֆերտների կրճատման արդյունքում առաջացող ծանր հետևանքները, թե′ սոցիալ-տնտեսական առումով, թե′ արտարժույթի պահուստների լրացման, թե′ վճարումների հաշվեկշռի կարգավորման առումով: Իհարկե միամտություն կլինի նորից հույսը դնել, Ռուսաստանում իրավիճակի բարելավման և այնտեղից տրանսֆերտների նախկին մակարդակներին հասնելու վրա: Դեպի Ռուսաստան, արտահանման նույնիսկ նախկին ծավալներին հասնելը, խիստ կասկածելի է: Եթե, կարճաժամկետ կտրվածքով, ինչ որ կերպ հասկանալի է արտաքին փոխառությունների և վարկերի ձեռք բերումը (բացասական հետևանքներով հանդերձ), ապա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ են հիմնավորված լուծումներ, որը պետք է առաջարկի Կառավարությունը:
Կա˚ն տրանսֆերտներին փոխարինող լուծումներ և ո˚րոնք են դրանք, այս հարցերի պատասխանները շատ կարևոր են: Կարծում եմ, որ տրանսֆերտներին մասամբ կարող են փոխարինել ներգնա տուրիզմը և տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների արտահանման ծավալների աճը, որի ներուժը առկա է: Հարկավոր է կրկին վերանայել այս ոլորտների նկատմամբ հարկային քաղաքականությունը, ամբողջովին հաշվի առնել ոլորտում ընդգրկված գործարարների տեսակետները, կյանքի կոչել դրանք և արդյունքները շատ սպասել չեն տա:
Հայկ Համբարձումյան