Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը' ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։

 

 

Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Մարտակերտի, Մարտունի, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը' ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք։

 

 

Զոհրապ Եգանյան