Այսօր շատերն իրենց ազատ ժամանակը, հետաքրքրությունները, նպատակներն իրական աշխարհից տեղափոխում են վիրտուալ աշխարհ: Եվ օրեցօր պատրանքների մոլորակի բնակիչների թիվը բազմապատկվում է: Շատերը նույնիսկ մոռանում են իրական կյանքի գոյության մասին... 

 

Իսկ որտե՞ղ ես դու


Դե, իհարկե, չափազանց գայթակղիչ է, երբ պարզապես կոճակներ սեղմելով՝ տեղափոխվում ես անտեսանելի սահմանից այն կողմ, զուգահեռ մի աշխարհ, որտեղ «դաժան» ճակատագրի ձեռքը չի հասնում, հայտնվում ես իրադարձությունների կենտրոնում ու քեզ շատ անկաշկանդ զգում: Եթե իրական կյանքում տունդ վերանորոգել չես կարողանում, ապա այնտեղ ոչ միայն տուն-տեղդ ես դնում, կահավորում, այլ նաև մի ամբողջ քաղաք ես կառուցում: Բայց ցավն այն է, որ հաճախ այդ մոգական աշխարհն այնքան է գրավում, որ աստիճանաբար զբաղեցնում է իրականի տեղը...

 

Սոցիալական ցանցերի կախարդանքը

 

Իհարկե, կարելի է հասկանալ այն մարդուն, որն իրական կյանքում հազվադեպ է երջանիկ զգում, աշխատանքից ազատ ժամանակն ու վաստակած գումարն էլ չեն բավականացնում նրա տարրական ցանկությունների գոնե մեկ տասներորդն իրագործելու համար: Բնականաբար, դեպի վիրտուալ իրականություն տեղափոխող պատուհանը նրա համար փախուստի յուրօրինակ միջանցքի է վերածվում:

 

Սոցցանցում հայտնաբերելով իր էջում հյուրընկալված այցելուներին՝ նա ասես հագուրդ է տալիս ինքնահաստատված ու կայացած զգալու իր չբավարարված ցանկությանը, շոյված զգում այն մտքից, որ ինքը պահանջարկ է վայելում: Բացի այդ, համացանցում հնարավոր է բոլորովին այլ կերպարով հանդես գալ և ազատվել խանգարիչ բարդույթներից: Գեղեցիկ լուսանկարներ, մաղթանքներ, շնորհավորանքներ... Ներկայանում են նաև կողակիցներն ու երեխաները, ի ցույց դրվում հանգստի ու զվարճանքի տեսարանները, որտեղ գլխավոր հերոսը վայելում է իր անիրական երջանկությունը: Տրված գնահատականներն էլ դառնում են իր գրավչության ապացույցն ու անհոգ, ուրախ կյանքի վկայականը:

 

Այդպիսով բավարարվում է սեփական անձի նշանակալիության մասին հաստատումներ լսելու պահանջը:
Բայց այս ամենը խորհրդանշական բնույթ է կրում: Հաճախ վիրտուալ ծանոթները իրականում կյանքում հանդիպելով՝ հիասթափվում են, քանի որ այդ հանդիպումն այնքան վառ ու գեղեցիկ չի ստացվում, որքան վիրտուալը:


 

Շարունակությունը՝ այստեղ