Յուրաքանչյուր աղմկահարույց տեսանյութից, հարուցված քրեական գործից կամ առաջադրված մեղադրանքից հետո հանրության որոշ մասի մոտ միանգամից ձևավորվում է անձի մեղավորության մասին հստակ համոզմունք: Յուրաքանչյուրը իր ճաշակով և երևակայությամբ կառուցում է հանցագործության բոլոր դրվագները, կայացնում է իր վճիռը և ընտրում պատժի տեսակը: Իրական դատական որոշումն էլ ընդունվում է այնքանով, ինչքանով դա համապատասխանում է այդ հանրության ջանքերով կայացված դատավճռին:
Այս երևույթը կարելի է անվանել «խոհանոցային» արդարադատություն: Այն չի ճանաչում անմեղության կանխավարկած, պատշաճ իրավական ընթացակարգերով անցկացվող քննություն և այլ անիմաստ ու անհասկանալի բաներ, այլ պահանջում է անհապաղ մեղադրական դատավճիռներ, պատիժներ, և ցանկալի է մեծ քանակով: Այդ երևույթը լրիվ հասկանալի է և դրա պատճառների մասին կարելի է առանձին գրել:
Բայց դա կդառնա աղետ, եթե նման տրամադրվածությունը նույնիսկ ամենաչնչին մասով ներխուժի իրական արդարադատության ոլորտ: Խոհանոցային և իրական արդարադատության միջև միշտ պետք է լինի անանցանելի պատ, որը կոչվում է Օրենք:
Եթե մենք հռչակել ենք իրավական պետություն կառուցելու մեծագույն նպատակ, պետք է չմոռանալ, որ այդ նպատակի իրագործման բարդ ճանապարհին նույնիսկ ամենաբացասական կերպարների, հանրության կողմից «դատապարտված» անձանց իրավունքները ենթակա են ճանաչման և պաշտպանության: Այլապես կստանանք հեղափոխության արժեքների հակապատկերը:
Հայկ Ղազարյան