Մարտի 17-ին Իսրայելում կայացան 20-րդ գումարման Կնեսետի ընտրությունները: «Էքզիթ փոլ» իրականացրած բոլոր լրատվամիջոցների տվյալները գրեթե համընկնում են. ընտրությունների արդյունքները բավականաչափ ուշագրավ են՝ երկու հակառակորդ քաղաքական ուժեր՝ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան «Լիքուդ» կուսակցությունը և ձախ ուղղվածության «Սիոնիստական ճամբար» դաշինքը հավասար ցուցանիշներ են արձանագրել(յուրաքանչյուրը՝ 27-28 մանդատ), իսկ երրորդ տեղը զբաղեցրել է արաբական կուսակցությունների «Միացյալ արաբական ցուցակը»:
Արդեն իսկ առաջատար ուժերի առաջնորդները սկսել են նախնական բանակցությունները խորհրդարան անցած մյուս քաղաքական կառույցների հետ՝ կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով:
Թեպետ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը քաղաքական ճգնաժամից խուսափելու նպատակով որոշում է կայացրել ազգային միասնության կառավարություն ձևավորելու, այնուամենայնիվ, առկա իրողությունները թույլ են տալիս կանխատեսելու, որ դա բավականաչափ խրթին գործընթաց է լինելու, իսկ եթե, այդուհանդերձ, ձևավորվի նման կառավարություն, ապա այն հազիվ թե երկար կյանք ունենա:
Ըստ էության, հիմք ընդունելով խորհրդարան անցած ուժերի քաղաքական ուղղվածությունը՝ կարելի է փաստել, որ երկու առաջատար քաղաքական ուժերն էլ ի զորու են կոալիցիոն կառավարություն ձևավորելու. այդ առումով անհրաժեշտ է, որպեսզի կոալիցիայի անդամ քաղաքական կուսակցությունները խորհրդարանում կազմեն պարզ մեծամասնություն, այսինքն՝ ունենան 61 մանդատ: Վերոնշյալի համատեքստում, Իսրայելում հնարավոր է 3 տիպի կառավարություն՝ ազգային միասնության, աջակողմյան (նաև կրոնական կուսակցությունների մասնակցությամբ, կախված քվեների վերջնահաշվարկի արդյունքներից՝ 62-65 մանդատ) և ձախ-կենտրոնամետ ուղղվածության (կախված քվեների վերջնահաշվարկի արդյունքներից՝ 63-66 մանդատ):
Ամեն դեպքում, շատ բան կախված է ակնկալվող քաղաքական սակարկություններից, որտեղ առանցքային դերակատարություն է վերապահված կենտրոնում խաղացող նախկին կապի նախարար Մոշե Կախլոնի գլխավորած «Քուլլանու» կուսակցությանը (շուրջ 10 մանդատ). վերջինի սկզբունքային կողմնորոշումից էլ կախված կլինի հետագա կառավարության բնութը:
Հ.Գ. Այնուամենայնիվ, ըստ իս, Իսրայելի խորհրդարանական ընտրությունների աներկբա հաղթողն է «Լիքուդը»՝ վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ, որն, ի տարբերություն հիմնական մրցակցի, հանդես եկավ միայնակ և անցկացրեց բավականաչափ բարդ քարոզարշավ:
Արմեն Պետրոսյան