Թեպետ 2014թ. հունիսից Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դեմ պայքարում արտաքին ուժերի՝ մասնավորապես Իրանի և ԱՄՆ-ի ներգրավվածությունն առկա է դեռևս նույն հուլիս-օգոստոս ամիսներից, իսկ պաշտոնապես՝ սեպտեմբերից, այնուամենայնիվ, ծայրահեղական կառույցի դեմ առավել վճռորոշ և մասշտաբային մարտավարության կիրարկումը, կարծես, մեկնարկել է վերջին օրերին: Այս համատեքստում, նախևառաջ նպատակաուղղված և բավականաչափ ծավալուն ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի կենտրոնական Սալահ ալ-Դին նահանգում, որի նպատակը երկրի կարևորագույն տնտեսական և ռազմավարական նշանակության քաղաքներից՝ Թիքրիթի ազատագրումն է իսլամականներից, իսկ դրա հաջող ավարտից հետո՝ մոտավորապես ապրիլի կեսերին, ծրագրվում է դաշնակից ուժերի վճռորոշ գրոհն՝ արդեն Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը ԻՊ-ից ազատագրելու նպատակով:


Վերոնշյալ ռազմական գործողություններին մասնակցում են ինչպես ներիրաքյան, այնպես էլ արտաքին դերակատարներ:


Մասնավորապես՝ հյուսիսում՝ քրդական փեշմարգայի զորամիավորումները, որոնց գործողությունները հիմնականում միտված են Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության սահմանների, ինչպես նաև դրա հետաքրքրությունների շրջանակում գտնվող տարածքային գոտիների շրջակայքում իսլամականների դիրքերի թուլացումը. քրդական ուժերին սեփական նպատակներն իրականացնելու համար մեծապես աջակցում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն օդուժը, որն էլ կոորդինացնում է ԻՊ-ի դեմ ցամաքային և օդային համաժամանակյա գործողություններն ու ճշգրտում թիրախները: ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի ներգրավումը պայմանավորված է մի կողմից միջազգային ահաբեկչության դեմ պայքարը սեփական արտաքին քաղաքական ուղեգծի առանցքային բաղադրիչ հռչակած արևմտյան մի շարք պետությունների սկզբունքային պարտավորություններից, մյուս կողմից՝ և հատկապես Մերձավոր Արևելքում, առավել ևս տարարաշրջանի սրտում ընթացող գործընթացներն ուղղորդելու՝ արդեն ավանդական դարձած ռազմավարական քաղաքականությունից:


Քրդական ուժերի հետ համագործակցությանը զուգահեռ՝ կոալիցոն ուժերն ԻՊ-ի վերահսկողության ներքո իրաքյան այլ շրջաններն ազատագրելու նպատակով լայնորեն օժանդակում են Իրաքի կենտրոնական կառավարությանը և բանակային ստորաբաժանումներին: Մինչդեռ ցամաքային գործողություններում արագ արդյունքներ արձանագրելու հետ կապված որոշակի կասկածներ ունի ամերիկյան կողմը, որ օրերս Իրաք ժամանած ամերիկյան բանակի շտաբների հրամանատարների միացյալ հանձնախմբի ղեկավար Մարտին Դեմփսիի շուրթերով հերթական անգամ հայտարարեց, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ միայն զորամիավորումներ, այլև անգամ հատուկ հրահանգիչների և մասնագետների նոր խումբ ուղարկել՝ իրաքյան բանակը մարզելու և նախապատրաստելու նպատակով: Ավելին, ամերիկացի գեներալը նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում հնարավոր թերացումների և ժամանակային ձգձգումների հիմնական պատճառը իրաքյան զինված ուժերում առկա անկազմակերպ վիճակն է, զինվորականների սակավ թվաքանակը և այլ նմանատիպ խնդիրներ:


ԻՊ-ի դեմ ընթացող գործողությունների հաջորդ արտաիրաքյան մասնակիցն Իրանն է, որի գերնպատակն Իրաքում շիայական գործոնի դիրքերի ամրապնդումն է: Այս առումով, Թեհրանը ևս մեծ հաշվով ակտիվ համագործակցում է իրաքյան կառավարության հետ, մինչդեռ, ի տարբերություն միջազգային կոալիցիայի, նաև ցամաքային գործողությունների է մասնակցում, իսկ «Իսլամական հեղափողության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման մասնագետներն առավել ակտիվ կերպով աշխատում են հատուկ շիայական զինված խմբավորումների հետ: Ընդ որում, այս զորամիավորումներն աչքի են ընկնում իրենց գործունեության համեմատական արդյունավետությամբ և նրանց գործողության աշխարհագրությունը սահմանափակվում է հատուկ նշանակության ռազմագործողություններին մասնակցությամբ և հատկապես՝ Իրաքի՝ հիմնականում շիայական բնակչությամբ բնակեցված շրջանների պահպանությամբ:


Վերոնշյալից դատելով՝ կարելի է հավաստել, որ Իրաքում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքից, դրանց արձանագրած արդյունքներից պարզ կդառնա, թե ով ինչ ազդեցության գոտիներ է ունենալու ապագա Իրաքում:

 

 

Արմեն Պետրոսյան