ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ազդեցին ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» և եռյակի մյուս գործընկերների վրա, այլ նաև ազատամարտիկներին համախմբող կազմակերպությունների ճակատագրի վրա: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» և «Երդվյալ ազատամարտիկների միության» մասին է, որոնք ֆինանսավորվում էին ԲՀԿ-ի կողմից' չնայած այն հանգամանքին, որ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռուստամ Գասպարյանը և «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը պարբերաբար հերքում էին այդ փաստը:


Գագիկ Ծառուկյանի' քաղաքականությունից հեռանալուց հետո Ազատամարտիկներին համախմբող այս երկու կառույցները հայտնվել են դժվարին իրավիճակում, քանի որ այդ միությունները որոշակիորեն քաղաքականացված կազմակերպություններ էին, իսկ նրանց ֆինանսավորումը Գագիկ Ծառուկյանի կողմից արդեն իսկ անհավանական է դառնում:


Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի խրոխտ ելույթները և նախաձեռնողականությունը այլևս չկան: Նրանց մնում է միայն նոր քաղաքական հենարան գտնել, ըստ այդմ նաև ֆինանսավորում կամ էլ հրաժարվել քաղաքականությունից չվարկաբեկվելու համար: Հնարավոր է նաև այլ տարբերակ' «Երդվյալ ազատամարտիկների միության» և «Ազատամարտիկների դաշինքի» տրանսֆորմացիա կամ լուծարում:

 

 

Արման Ալավերդյան