Տիբեթյան բուժակները բուսական աշխարհի թագուհին են համարում մորին' իր անգնահատելի բուժիչ հատկությունների համար: Անտառային մորին իր օգտակար նյութերի բազմազանությամբ գերազանցում է բոլոր հատապտուղներին: Օրինակ, մորու բաղադրության մեջ ավելի շատ երկաթ կա, քան հապալասի, նարնջի և թուզի մեջ: Բացի այդ' մորին հարուստ է շաքարով, օրգանական թթուներով, ֆոսֆորով, C, B, E վիտամիններով, կարոտինով, եթերայուղով և այլն: Մորին խթանում է արյունատար անոթների աշխատանքը, վահանգեղձում կարգավորում յոդի պարունակությունը, օրգանիզմը մաքրում թունավոր նյութերից ու խոլեստերինի ավելցուկից: Մորու թարմ պտուղների հյութը խորհուրդ է տրվում քաղցած ժամանակ խմել ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում: Այն օգտակար է արյան զարկերակային բարձր ճնշումն իջեցնելու համար: Թարմ հյութը նաև օգնում է վերացնել կորյակները, ցանը և պեպենները: Իսկ թարմ կամ չորացրած տերևները դնում են թարախային վերքերին: Սրտի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործվում են մորու ծաղիկներից պատրաստած թուրմը, որի համար 1 թեյի գդալ ծաղիկներին ավելացնում են 250 մլ եռջուր և թրմում 6 ժամ: Ընդունում են օրը 4-6 անգամ' 1-2-ական գդալ: