Վաղը մարտի 8-ն է: Շատ կանայք, չնայած իրենց տոնին, աղցաններ են պատրաստելու և հաստատ շատերն օգտվելու են «Արտֆուդի»-ի արտադրանքից: Այսօր լրատվականներից տեղեկացա, որ «Արտֆուդի» արտադրանքներից մեկի մեջ կանացի մազ և լավ չլվացված, ցեխոտ մարինացված Շուշան է եղել: Պետք է փաստեմ, որ ՍԱՊԾ նորանշանակ պետից հետո՝ հատկապես վերջին շրջանում, այս ոլորտում էականորեն շատացել են նմանօրինակ դեպքերը(Թունավորում, հին ապրանք, սատկած խոզ և այլն...): Սրա պատճառները պարզ են՝ չկա վերահսկողություն, իսկ նման պարագայում արտադրողները ոչ պատշաճ են մոտենում իրենց գործին: Հերթական անգամ բարձրաձայնում եմ խնդրի մասին, որն անմիջականորեն վերաբերում է ՍԱՊԾ-ին: Հերթական անգամ այս դեպքը հանրայնացվում է սպառողի կողմից և արձագանք չկա ՍԱՊԾ-ի կողմից: Չգիտեմ, թե գերատեսչությունում ինչպես են հասկանում քաղաքացու և ՍԱՊԾ-ի միջև համագործակցության ֆորմատը, որն իրականում իրենց պատկերացրածի նման չէ, և առհասարակ՝ իրենց գոյության մասին հիշում են աշխատավարձից աշխատավարձ։
Չմոռանանք նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն «Արտֆուդը» պատկանում է գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Փոխանակ նա ձեռնամուխ լինի տեղական արտադրանքի նկատմամբ սպառողի վստահության ամրապնդմանը, հենց նրա մոտ է տեղի ունենում նման դեպք։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ «Արտֆուդ»-ի արտադրանքը գերադասում եմ դրսի արտադրողներից։ Մի չարաշահեք վստահությունը, որպեսզի կարողանաք պահպանել ձեր դիրքերը:
Էդգար Խաչատրյան