«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց: Շարունակում եմ պնդել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը պետք է լինի պետական հոգածության առարկա և երաշխավորվի օրենքով: Եվ, խոսքը ոչ թե Վեհափառին պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ տալու մասին է, այլ պետական պաշտպանության ենթակա անձի կարգավիճակ տալու մասին է: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի անվտանգությունը պետք է երաշխավորվի հայկական պետականության կողմից, ինչը բխում է թե Սահմանադրության, և թե տրամաբանության ու բարոյականության նորմերից և ոգուց: Որպես հայ իրականության բացառիկ երևույթ' անընդունելի է, որ վտանգներով լի աշխարհում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա ղեկավարի անվտանգությունը դիտարկվի վարչապետի հայեցողական գործողությունների համատեքստում:
Խնդիրը պետք է կարգավորել մեկընդմիշտ և ինստիտուցիոնալ եղանակով, հատկապես, որ Վեհափառի նկատմամբ հարձակման փորձեր վերջին շրջանում եղել են և նման գործողությունները բացառել ոչ մեկը չի կարող: Նշեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ անձամբ ծանոթ չեմ, այս նախագիծը ոչ Վեհափառի, ոչ էլ որևէ այլ բարձրաստիճան հոգևորականի հետ չեմ քննարկել և նախաձեռնության մասին տեղյակ չեմ պահել: Որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ և Ազգային Ժողովի պատգամավոր' շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ Վեհափառի անվտանգությունը պետք է լինի պետական հոգածության առարկա և երաշխավորվի օրենքով, ոչ թե մնա ներկա և ապագա վարչապետերի հայեցողությանը կամ քմահաճությանը(ըստ ճաշակի):