Մի անգամ Հրանտ Մաթևոսյանը մեր տուն եկավ: Օրն էլ եմ հիշում' 1990 թ. մայիսի 10-ին: Մեր փոքրիկ տան մեջ այդքան նշանավոր հյուրը շփոթմունքի մատնեց բոլորիս: Մեր համեստ սեղանն անհամեստաբար վատը թվաց, մեր իրարանցումը' պահանջվածից պակաս: Միայն հայրս էր, որ հանգիստ, անխռով, վայելչության կանոնները մի կողմ թողած լցնում էր բաժակները, հյուրասիրում էր հյուրին, մեզ հրահանգներ էր տալիս:


Հասակակիցներ էին: Անմիջապես լեզու գտան իրար հետ: Նրանց զրույցը ոչ գրականության մասին էր, ոչ արվեստի, ոչ մեծ-մեծ բաներից էին խոսում, ոչ եղածից խելոք երևալու ճիգ կար: Բայց այն, ինչի մասին ասում ու լսում էին' ամենակարևորն էր այդ պահին և միայն երկուսով դրա մասին գիտեին: Մեկը գրի մարդ էր, մյուսը հողի: Մեծարեցին իրար ազնվաբար' չասելով այդ մասին ոչ մի բառ:


Հետո ուշ գիշերին, երբ ճանապարհ դրեցինք, հայրս ասաց, որ Մեծ մարդ էր եկել մեր տուն: Խոսքը գրող Հրանտ Մաթևոսյանի մասին չէր:

 

 

Հ. Չարխչյան