Գարուն' 2014թ. Երեւան


Գուլակյան Հասմիկը զանգեց ինձ ու ասաց, որ Քեսաբից մարդ է եկել ու նրա հետ հանդիպում է կազմակերպվել «Նորավանք» հիմնադրամի գրասենյակում' կգա՟ս: Դող անցավ մարմնովս…Անմիջապես հիշեցի Լեոյի «Անցյալիցը», որ «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի ջանքով տպագրվել էր 2008-ին, ու որից մի օրինակ Միքայելն ինձ նվեր էր տվել… հանեցի դարակից ու տենդի մեջ սկսեցի փնտրել դրվագը…Ժամանակս չէր հերիքում ու որոշեցի գնալ հանդիպմանը, հետո արդեն նորից թերթել գիրքը…
Եկա փոքր-ինչ ուշացած: «Նորավանքի» գրասենյակում մի երկու տասնյակ մարդ հավաքվել, լսում էր Քեսաբից հայրենիք փախած ուսուցչին, որը պատմում էր, թե ինչպես է հանկարծակիի եկել քաղաքի բնակչությունը, որում մեծամասամբ ապրում են 1909-ին Թուքիայից այդտեղ փախած հայերի ժառանգները: Գրագետ, զուսպ ու ինչպես գաղթականը' աչքերում անհուն տառապանք, շփոթություն, տարակուսանք ու կարոտ, քեսաբցի վարժապետը պատմում էր, որ մարտի 21-ին քաղաքում խաղաղ է եղել ու ոչինչ չի գուժել մոտալուտ արհավիրքի մասին, բայց մեկ էլ լուր է տարածվել, թե թուրքերը պիտի հարձակվեն: Ուսուցիչը պատմում էր, որ քաղաքի ու հարակից գյուղերի կուսակցական (հայկական գաղթօջախներում արդեն 100 տարի է, մի կուսակցություն է գործում' դաշնակցությունը) տղերքը զինված գնացել են դեպի սահմանը, որտեղ տեղակայված են եղել թուրքական սահմանապահ դիտակետերը ու որոշել են կրակել նրանց ուղղությամբ, բայց, ինչպես ինքն ասաց, հղում անելով տղաների վրա' «առաջինը կրակել են թուրքերը եւ սպանել իրենց հետ ինքնաշարժում գտնվող արաբին, որը վարորդն է եղել ու վիրավորել տղաներից մեկին' կուսակցական»: Քաղաքի ոստիկանապետը որոշել է ճշտել թե ի՟նչ կրակոցներ են, ու դեռ դուրս չեկած ոստիկանատնից, վիրավորվել է, քանի որ ոստիկանատան վրա ռումբ է ընկել: Այսպես, ըստ քեսաբցի վարժապետի, քաղքի հրապարակները սկսել են ռմբակոծել:
Անդրադառնալով բնակչությանը ու հայերի ընտանիքների նահանջին ու հիշելով առանձին դրվագներ, օրինակ' 95 ամյա մի մտավորականի, որը արաբերեն թարգմանել է Գրիգոր Նարեկացու աշխատությունները ու անգնահատելի ժառանգություն թողել սերունդներին, վարժապետը ստիպված էր լինում դադար վերցնել ու կուլ տալ կոկորդը խեղդող արցունքները…ու դառնացած ձայնով ուղղակի կոկորդից դուրս հրեց «ու մենք անոր ձգեցինք Քեսաբում…»:
Ներկաները պապանձված լսում էին, ու ամեն մեկն իր մտքերի հետ շաղախած անցյալի ու ներկայի դառնությունը, վարժապետին զուգահեռ ճիգ էր գործադրում թաքցնել հուզմունքը: «Երեկոյան ադեն քաղաքը պարպված էր 98 տոկոսով, մնացել էին միայն ծերերը, որոնք հրաժարվում էին լքել տները, հիվանդները, որ անկողնուն կծառայեին, մեկ ալ անճար ընտանիքները, որ ինքնաշարժ չունեին: Իսկ փախածները հավաքվել էին Լաթաքիայի մեր եկեղեցուն մեջ…. Ախր շատ տարօրինակ ժողովուրդ մըն ենք մենք' հայերս, մեզ գերազանցապես կհաջողի ճաշկերույթ կազմակերպել, բայց ոչ երբեք պաշտպանվիլ…» ու պատմեց, որ Լաթաքիայի հայկական եկեղեցում բոլորը համերաշխ ընթրիք կազմակերպեցին, քանի որ «պըզդիկներն անոթի էին»…
Վարժապետի հանդիպումը Երեւանցի հայերի հետ կազմակերպած «Նորավանք» հիմնադրամի տնօրենը քեսաբցի վարժապետին հարցեր տալու մեր ցանկությունը չողջունեց: Միայն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ անմիջապես կողքին էր նստած, մի երկու չհիշվող ու կրավորական հարց տվեց, կարծեմ տեղահանված քեսաբցիների Հայաստան գալու ցանկությունը ճշտելու համար: Վարժապետը նշեց, որ քեսաբցիներից շատերը Ամերիկայի, Ավստրալիայի ու այլ երկրների ճամփան են բռնել, որոշները գնացել են Թուրքիա: Ասաց, որ մի 10-15 ընտանիք Հայաստան գալու մասին էլ են մտածում, միայն թե նրանք անգամ ճանապարհածախսի փող չունեն, անճարներն են, բայց պատրաստ են գալ ու այստեղ տուն կառուցել եւ հաստատվիլ, միայն թե իրենց տրվի այդ հնարավորությունը: Վարժապետի զուսպ ու քաղաքավարի խոսքից հասկանալի դարձավ, որ քեսաբահայերը հայրենիքի հետ առանձնապես հույսեր չեն կապում, հազիվ միայն անճարները, ու կառավարութինեն որեւէ ակնկալիք չունեն: Իսկ ես հարցեր ունեյի, որից միայն մեկը կարողացա տալ, «Նորավանքի» տնօրենի' «եկեք հանդիպումը սրանով ավարտենք» պահանջին հակադրվելով:
«2012-ին ձեր կողմերում ռուսները ռադիոլոկացիոն կայան տեղադրեցին, դրանից հետո ինչ-որ կերպ փոխվե՟ց մթնոլորտը Քեսաբում, բնակչության հետ ռուսները ինչ-որ հարաբերություններ հաստատեցի՟ն, ի՟նչ կասեք այդ մասին»,-հարցրի:
«Ես չէի ուզեր հարցը քաղաքականացնիլ: Բնակչությունը, անշուշտ, ոչ մի բանի մասին տեղյակ չէր, քանի որ ռուսների կայան տեղադրելը իշխանությունների հետ պայմանավորված էր: Ռուսները բնակչության հետ ոչ մի կապ չեն ունեցած, նրանք կգործեին կուսակցության եւ հոգեւորականների միջոցով… Կայանի տեղադրման հետ կապված մեր լրատվամիջոցները լռեցին, բան մը չէին ըսեր, Իսկ ահա թուրքական մամուլը անընդհատ կգրեր այդ մասին ու կազդարարեր, որ ռուսները հայերի միջոցով պիտի գործեն…»
Քեսաբցի ուսուցչի պատասխանը ինձ համար մի կողմից սպասելի էր, մյուս կողմից' ցնցող….
Հենց այս պատասխանից հետո «Նորավանքի» տնօրենը պահանջեց «դիալոգ չհրահրել» ու վարժապետին դուրս հրավիրեց դահլիճից, նախասրահում բացված քացրավենիքի սեղանի մոտ սուրճ խմելու…
Ես հեռացա անմիջապես, երեւի, ոչ պակաս շփոթված, քան անտուն մնացած ու հայրենիքում իր անձնական կապերի շնորհիվ միայն ժամանակավոր ապստան գտած քեսաբցի ուսուցիչը, որի հետ ես ինձ ճակատագրով նույնացած զգացի: Սիրտս քարացել էր, արցունք չունեյի քամելու, թեպետ շատ կուզենայի….Իսկ իմ մեջ կուտակված դառնությունը տեղահանվածի ցավից չէր հարուցվել, այլ անցյալից եկող այն հերշավոր հավկուրությունից, որ համակել է հայ ժողովրդին, ու պատմության այն ճշգրիտ կրկնությունից, որը ոչ թե դաս պիտի լիներ մեզ համար, այլ, ըստ երեւույթին' կործանման նշան:
Գայանե Առուստամյան
25 ապրիլի

 

Ամառ'1915թ. Թիֆլիս.


Մռայլ, մենավոր, մոռացված էր Օսմանյան կայսրության դեմ պատերազմող բյուրոյի սենյակը։ Երեկո է։ Պատի ճակատին կպցրած էլեկտրական լամպը դժգույն լուսավորություն է տարածում, եւ սենյակը կիսով չափ ընկղմված է կիսաստվերների մեջ։ Շոգ է, թիֆլիսյան շոգ, բայց մեր մարմիններով սարսուռ է վազվզում դես ու դեն։ Մեր, այսինքն, երեքիս մարմիններով։ Մեր առջեւ նստած է մի օտարական, որ եկել է Սասունից, ասել է թե' կտրել-անցել է սարսափների դժոխք երկիրը' շտապելով օր առաջ հասնել, զեկուցում բերել բյուրոյին։ Եվ զեկուցում է խեղդված գերեզմանային ձայնով, իբրեւ սառը, քարացած կենդանի վկա։ Պատմում է նա Մուշի դաշտի կոտորածի մանրամասնությունները։ Պատկերներ են նկարվում։ Գերմարդկային են այդ սոսկումները։ Եթե մարդկային լինեին, մարդու ջղերը կտանեին դրանք։ Բայց չեն տանում, հետեւապես, մարդկային բնությունը վրդովվում է դրանց դեմ, չի ընդունում, որ դրանք կարող են մարդկային հնարավորությունների մեջ լինել։ Ահա մութն իջնում է Մեղրագետի ձորի վրա։ Քարերի տակ, ամբողջ օրը ջրի մեջ մինչեւ կոկորդը թաղված մարդիկ ահագին զգուշություններով, աշխատելով շշուկ ու շրշյուն չհանել, դուրս են սողում։ Ստամոքսն է պահանջում, եւ նրանք գնում են առ եղերյաց[322] ամայացած գյուղերը' շան նման մի կտոր ուտելիք գտնելու եւ ապրելու… Ահ, այդ կերպ ապրելու համար…
Պատմողն ինքն էլ սասունցի է, վարժապետ եւ դաշնակցական։ Անվերջ է նրա խոսքը, միշտ արյուն, միշտ թշվառություն, միշտ արտասուք։ Եվ նրա խուլ ձայնը երբեմն հառաչանքի թնդյուն է հանում դատարկ սենյակում։ Կորել է 100 հազար հոգուց բաղկացած մի ամբողջ ժողովուրդ։ Եվ արժա՞ն չէր միթե, որ այդ անհայտացման աղեկտուր պատմությունը լսեին երեքից ավելի մարդիկ։ Բայց ո՜ւր են։ Ո՞ր զով բարձունքների, վայելքի ո՞ր խոր գոգերից հանեինք, բերեինք նրանց, նստեցնեինք իրենց աթոռների վրա, որպեսզի այդ դատարկ աթոռները չլինեին սասունցի վարժապետին շրջապատողները։ Հանկարծ նա ընդհատում է իր սեւ ու մութ պատմությունը։ Հայտարարություն ունի անելու։
- Մենք այնտեղ շատ դժգոհ ենք այստեղի մեր ընկերներից։ Սկզբից մենք դեմ էինք կամավորական շարժմանը եւ պահանջում էինք, որ այդպիսի շաժում չլինի, եւ մեզ' թուրքահայերիս, հանգիստ թողնեն…
Բայց խե՜ղճ մարդ… Այդ լալահառաչ գանգատն էլ միայն բյուրոյի պատերը լսեցին։ Եվ ոչ ոք չկար այն «ընկերներից», որ լսեր եւ արդարացներ իր ոճրապարտ գլուխը…
Լեո «Անցյալից»

 

 

Գայանե Առուստամյան