«Դու կըռնա՞ս սև թուղթ ուտես, չե՜ս կըռնա»:
Քանի ժամ է, Նիկոլի այս բառերն են զնգում ականջիս մեջ: Հասկանում եմ, ֆիզիկապես զգում եմ նրա ապրածը: Հասկանում եմ, թե որքան ծանր էր Նիկոլի համար' նայել Հայաստան մայրիկին ու լռել, հերթական սև թուղթը պայուսակի անկյունները խցկելով...
Ահավոր բան է, երբ անհույս հիվանդը հայացքը գցում է աչքերիդ, հույս է սպասում: Նրա համար դու հրաշագործ ես, քանի որ հասկանում ես աստղերի «լեզուն»: Նայում է քեզ ու հայացքով աղերսում, որ գոնե դու այնտեղ' վերևներում փնտրես, պեղես հույսի մի նշույլ, ասես, որ ամեն ինչ բարեհաջող է լինելու:
...Երբ առաջին անգամ հանդիպեցինք (ընկերուհիս պատմեց նրա մասին ու խնդրեց, որ հետը զրուցեմ), նա քաղցկեղի բուժման փուլը ստացել էր, արտաքուստ շատ հանգիստ ու անվրդով էր պահում իրեն, միայն ուզում էր իմանալ, արդյո՞ք նորից չի կրկնվելու այն, ինչին ստիպված էր եղել մի կերպ դիմանալ: Ես գիտեի, որ կրկնվելու է ու լավ ավարտ չի ունենալու, բայց ձայնիս հնարավոր վստահությունը հաղորդելով, փորձելով անհոգ դեմքով խոսել, ասացի, որ մեկ է նա կհաղթահարի այն մյուս փորձությունն էլ, որ դեռ սպասում է իրեն: Բնական է, երբ քեզ առողջ ես զգում, ու ասում են սպասվելիք փորձության մասին, դրան թեթև ես նայում: Մտածում ես, որ դա կանցնի, կգնա: Նա էլ շատ ուզեց դրան հավատալ ու հուսադրված գնաց: Բայց, անցան ամիսներ, ես լուր ստացա, որ նորից վատ է զգում իրեն, որ ցավերն էլի տանջում են: Եվս մի փուլ բուժվեց:
Անցյալ տարի էր, երբ նա կրկին հյուր էր եկել Հայաստան, որոշել էր ինձ այցելել, մտածելով, որ գուցե մի բան փոխված կլինի իր ճակատագրում: Բայց, այս անգամ արդեն աչքերում այն հույսի աղերսը չկար: Փորձում էի լավատեսություն փոխանցել, բայց նախորդ անգամ իմ տեսած երիտասարդ ու ծիծաղկոտ աղջկա փոխարեն հիմա իմ դիմաց նստած էր ուռած ոտքով, հենակով մի կերպ քայլող հոգնած կին: Կին, ում կյանքի իմաստը պարն ու նրբագեղ շարժումներն են եղել: Երբ խոսում էի, հույս էի տալիս (ինքս իմ ասածներին չհավատալով, այլ միայն հուսալով, որ գուցե սխալվում եմ, գուցե փրկություն կա...), նա լսեց-լսեց, քաղաքավարի ժպտաց, խոստացավ չհանձնվել, պայքարել, ու անպայման հաղթահարել այս քայլն էլ:
Իր խոսքի տերն եղավ: Արժանապատվորեն պայքարեց, արժանապատվորեն էլ հեռացավ...
Այս գիշեր իմացա, որ Թերեզն այլևս չկա... Նա ընդամենը 39 տարեկան էր, ուներ երկու հրաշք բալիկ և շատ սիրելի ամուսին:
Նիկոլն եմ, Նիկոլը...
Արցունքները քար են դարձել ու խցկվել կոկորդս: Ուզում եմ գոռալ «Ընձի ձեռ չտաս, Աստծուն կըսեմ...»
Բայց ո՞ւմ եմ ասում, ճակատագրի՞ն:
Չգիտեմ...
Ես Նիկոլն եմ ու սա իմ կերած հերթական «սև թուղթն» էր, որ օգուտ չբերեց: Բայց, սա ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, միևնույն է, էլի եմ ուտելու...