Ներքաղաքական ասպարեզում վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱԿ առաջնորդի քաղաքագիտական վերլուծությունը գոնե այս շրջանում զուրկ է իրագործման հնարավորությունից:
Սակայն ՀԱԿ-ը չի, համարում, որ «քաղաքագիտական վերլուծությունը» իրեն չի արդարացրել, դրա համար էլ պետք է նոր «քաղաքագիտական վերլուծությամբ» հանդես գալ և վերանայել նախկին մոտեցումները' միևնույն ժամանակ հիմնավորելով այն: Այս իրավիճակում Լևոն Զուրաբյանը փորձում է կառուցել նոր վերլուծության հիմքերը:
Այսպես' հարցին, թե եռյակ գոյություն ունի՞, Լևոն Զուրաբյանը պատասխանել է. - «Եռյակը դա ովքեր էին՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը։ Հիմա ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս է»: Նա նաև հավելել է, որ ԲՀԿ-ն ինքը պետք է ասի՝ որտեղ է ինքը գտնվում։ ԲՀԿ-ն վերջին պրոցեսներից հետո ոչինչ չի ասել։
Լևոն Զուրաբյանը փաստորեն չի ընդունում, որ եռյակ գոյություն չունի' ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, որը Ազատության հրապարակում հայտարարեց, որ եռյակ այլևս չկա: Լևոն Զուրաբյանը միայն ընդունում է, որ իրենց հետ համագործակցող «բաժանորդն» անհասանելի է կամ այլևս գոյություն չունի:
Ուշագրավ է, որ ՀԱԿ-ը մի կողմից դեռևս հույսեր ունի, որ եռյակի համագործակցության ձևաչափը հնարավոր է պահպանվի, իսկ մյուս կողմից ԲՀԿ-ին համարում է խաղից դուրս:
Ինչքան էլ Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ առաջնորդը ջանան արդարացնել իրենց «վերլուծության» ճշմարտացիությունը, միևնույն է ռեալ քաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ նման վերլուծությունները ֆարսային բուֆոնադի հնարքներից այնկողմ չեն անցնում և ավարտվում են լիակատար ֆիասկոյով: ՀԱԿ-ը խնդիր ունի դուրս գալու Ազատության հրապարակի մտածողության շրջանակներից և ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերին նայել քաղաքագիտական լայն հորիզոնից:
ՀԳ. Հիշեցնենք, որ Ֆարսային բուֆոնադի հնարքները ի ցույց են դրվում կրկեսում՝ ծաղրածուների ելույթներում։
Արման Ալավերդյան